Բաժին. Ֆինանսական

Փաշինյան․ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով մենք կունենանք 7-7.5 տոկոսանոց հիփոթեքային վարկեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց երիտասարդ ընտանիքների համար մատչելի պայմաններով հիփոթեքային վարկեր տրամադրելու ծրագրի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտնեց, որ կշարունակվի և նոր թափ կստանա «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը: «Մեծ է հավանականությունը, որ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով մենք կունենանք 7-7.5 տոկոսանոց հիփոթեքային վարկեր, և բավականին մեծ ծավալով կիրականացնենք այս ծրագիրը: Հույս ունենք ամեն տարվա հետ այդ ծրագիրն ավելի կմեծանա»,- ասաց վարչապետը:

Վարչապետը նաև հայտարարեց, որ կանխատեսում են, որ կնվազի նաև հիփոթեքային վարկերի կանխավճարի չափը: Նա մանրամասնեց, որ երիտասարդ ընտանիքների դեպքում մեծ է հավանականությունը, որ կանխավճարի չափը ներկայիս 30 տոկոսից կնվազի և կդառնա 20 տոկոս:

Վարչապետն անդրադարձավ նաև «Մատչելի բնակարան զինծառայողներին» ծրագրին: Նա ընդգծեց, որ այս դեպքում լինելու է հիփոթեքային վարկի աննախադեպ ցածր տոկոս: Նա նշեց, որ զինվորոկանների դեպքում ստացվում է այնպես, որ նրանք անտոկոս վարկ են ստանալու: Կանխավճարը զինվորականների համար կլինի 10 տոկոս:

Անդրադառնալով հարցին՝ թե միջին աշխատավարձով ապրող մարդը կարողանալո՞ւ է և երեխա պահել, և միաժամանակ հիփոթեքային վարկ վերցնելու միջոցով բնակարան ձեռք բերել՝ վարչապետը պատասխանեց. «Իհարկե, տվյալ դեպքում պետք է հստակեցնեք, թե ինչ նկատի ունեք միջին աշխատավարձ ասելով, բայց Կենտրոնական բանկի մասնագետների հաշվարկով, օրինակ, 20 միլիոն դրամանոց բնակարանի համար ամիսը անհրաժեշտ կլինի վճարել 100 հազար դրամ: Եթե միջին աշխատավարձ համարենք ընտանիքի երկու աշխատողների աշխատավարձը՝ օրինակ 450-500 հազար դրամը, որոշակի հնարավորություններ ստեղծվում են: Մենք հասկանում ենք, որ սա սկիզբն է, և ծրագիրը որքան հաջող ընթանա, նաև հետագայում այդ տոկոսները և գումարները որոշակի նվազում կապրեն: Եթե մենք կարողանանք այս ընթացքում հուսալի շինարարի միջոցով հուսալի վարկեր տրամադրել, այս պարագայում կարծում եմ, որ ծրագիրը մեծ հաջողություն կունենա»:

Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ խնդիր են դրել, որ վերը նշված ծրագրերի շրջնակներում շինարարությունը միայն Երևանում չկենտրոնանա: «Սա կարևոր է նրանով, որ նորակառույց բնակարանների պարագայում նաև եկամտահարկի վերադարձի օրենսդրական հնարավորությունն է գործում: Այսինքն, եթե բնակարանը ձեռք է բերվում նորակառույց շենքից, բացի այս արտոնություններից, կա հնարավորություն նաև պետությանը վճարվելիք եկամտահարկով փակել վարկի տոկոսները: Այսինքն, ըստ էության, պետությունն այսպիոսով մասնակցություն է ունենում վարկի մարմանը, և սա շատ լավ հնարավորություն է: Եթե այս երեք կոմպոնենտը մենք գումարենք, բավականին մատչելի պայմաններ կստանանք և բավականին լավ ծավալներ կունենանք շինարարության»:

Վարչապետը նաև հայտնեց, որ հունիսի 26-ին նշված հարցերի շուրջ խորհրդակցություն է անցկացնելու Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Share