Բաժին. Ֆինանսական

Դավիթ Անանյանը ներկայացրել է հարկերից խուսափած գազալցակայանների սեփականատեր պաշտոնյաների անունները

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հրապարակել է ներկա և նախկին պաշտոնյաների անունները, որոնց պատկանող գազալցակայաններում հայտնաբերել են հարկերից խուսափելու դեպքեր: Հուլիսի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Դավիթ Անանյանը նշեց, որ 8 կազմակերպություններին պատկանող գազալցակայանները խուսափել են, ընդհանուր առմամբ՝ 946 միլիոն դրամի հարկերից՝ պակաս ներկայացնելով իրացված գազի ծավալները:

«Ստուգումներ են կատարվել Մհեր Սեդրակյանին, նախկին ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող գազալցակայաններում»,-ասաց Դավիթ Անանյանը։ «Արդյոք այդ անձանց շարքում կա՞ն նաև Գագիկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի անունները» հարցին ի պատասխան ՊԵԿ նախագահն ասաց. «Գագիկ Ծառուկյանը կա, Հովիկ Աբրահամյանը՝ ոչ: Ես հիշողությամբ եմ ասում: Մենք այս տեղեկատվությունը կհրապարակենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հավելեց նա:

Ինչ վերաբերում է պատասխանատվություն ենթարկելուն, Դավիթ Անանյանը նկատեց, որ բոլոր կազմակերպությունների նկատմամբ քրեական գործ է հարուցվել և դրանց շրջանակներում հաշվարկվում է պետությանը հասցված վնասի չափը: «Երբ կազմակերպությունը վերականգնում է պետությանը հասցրած վնասը, քրեական գործը կարճվում է: Միջազգային պրակտիկայում ընդունված մի կարևոր բան կա. տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման պահանջը հանրության շրջանում: Պետք չէ տնտեսավարողին դատել, նստեցնել ու արգելել գործարարությամբ զբաղվել, որովհետև դրա արդյունքում մենք պոտենցիալ վճարումներ ենք կորցնում: Հարկ վճարողի վարքագիծը պետք է գնահատել ու նրան ճիշտ ուղու վրա դնել»,-հավելեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունից ՊԵԿ քննչական վարչություն և ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 58.700.000, 14.900.000, 168.400.000, 79.400.000,  53.000.000, 25.700.000 և 349.500.000 ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց:

Share