Բաժին. Ֆինանսական

2004-2017 թթ. ընթացքում ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից դեպի արտերկիր փոխանցվել է 11.6 մլրդ ԱՄՆ դոլար

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իրականացնում է  ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած և Հայաստանի Հանրապետությունից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված փոխանցումների վերաբերյալ տվյալների հավաքագրումը, որոնցից տարանջատվում են ոչ առևտրային նպատակով իրականացրած փոխանցումները: Սկսած 2004 թ-ից՝ տվյալների հավաքագրումն իրականացվում է համադրելի մեթոդաբանությամբ, ինչն ապահովում է տվյալների ամբողջականությունը և բարձր ճշգրտությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2004-2017 թթ. ընթացքում դեպի ՀՀ  ֆիզիկական անձանց անունով արտերկրից փոխանցվել է 23,7 մլրդ ԱՄՆ դոլար, որից 18,2 մլրդ ԱՄՆ դոլարը եղել են ոչ առևտրային բնույթի փոխանցումներ: Նշված ժամանակաշրջանում ընդհանուր փոխանցումների միջին տարեկան ներհոսքը կազմել է մոտ 1,7 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ միջին տարեկան հավելաճի տեմպը՝ 6.6 %: Ոչ առևտրային նպատակով իրականացված փոխանցումների դեպքում միջին տարեկան ներհոսքը կազմել է մոտ 1,3 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ միջին տարեկան հավելաճի տեմպը՝ 5.4 %:

2004-2017 թթ. ընթացքում ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից դեպի արտերկիր փոխանցվել է 11,6 մլրդ ԱՄՆ դոլար, որից 3,6 մլրդ ԱՄՆ դոլարը եղել են ոչ առևտրային բնույթի փոխանցումներ: Նշված ժամանակաշրջանում ընդհանուր փոխանցումների միջին տարեկան արտահոսքը կազմել է  0.8 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ միջին տարեկան հավելաճի տեմպը՝ 5.8 %: Ոչ առևտրային նպատակով իրականացված փոխանցումների համար միջին տարեկան արտահոսքը կազմել է մոտ 0,3 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ միջին տարեկան հավելաճի տեմպը՝ 4.4 %:

Share