Բաժին. Ֆինանսական

Սարուխանի գործարարները 18 մլն դրամով աջակցել են գյուղի ճանապարհաշինական աշխատանքներին

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում հոկտեմբերից սկսվել եւ ընթանում են ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սարուխանի գյուղապետ Լյովա Աբրահամյանը, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են գյուղի գործարարների, տեղական միջոցների եւ ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրի հաշվին: «Սարուխանն արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ վերածվել է շինհրապարակի: Ասֆալտապատման աշխատանքներն ընթանում են երեք ուղղությամբ:

Առաջին ուղղությունը Մեսրոպ Մաշտոցի փողոցում է, որտեղ աշխատանքները մոտենում են ավարտին: Այստեղ արդեն ասֆալտապատվել է 1300 գծամետր ճանապարհ՝ մոտ 8200 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 67 միլիոն դրամ, շինարարական մրցույթը շահվել 48 միլիոն դրամով: Գումարի 60 տոկոսը ներդրել է Սարուխանի համայնքապետարանը, 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը: Ընդ որում, Սարուխանի համայնքապետարանն այստեղ ներդրել է 12 միլիոն դրամ, իսկ 18 միլիոն դրամով ծրագրի իրականացմանն աջակցել են գյուղի գործարարները: Ճանապարհաշինության երկրորդ ուղղությունը թիվ 2 գերեզմանոց տանող փողոցում է: Աշխատանքներն իրականացվում են գործարարների տրամադրած միջոցների հաշվին: Այստեղ այս պահին ընթանում են հողային աշխատանքներ: Նախատեսվում է ասֆալտապատել 1400 գծամետր երկարությամբ եւ մոտ 7000 քառակուսի մետր մակերես կազմող ճանապարհ: Կասֆալտապատվեն նաեւ թիվ 2 գերեզմանոցի ներսի ճանապարհները:

Ճանապարհաշինական երրորդ ուղղությունը Շառլ Ազնավուրի անունը կրող փողոցում է: Այստեղ եւս աշխատանքներն ընթանում են գործարարների տրամադրած միջոցների հաշվին: Ասֆալտապատվում է 550 գծամետր երկարությամբ եւ մոտ 3000 քառակուսի մետր մակերես կազմող ճանապարհ: Մոտ 2500 քառակուսի մետր մակերես ծավալով էլ գործարարների միջոցներով ասֆալտապատվել են թիվ 1 գերեզմանոցի ներսի ճանապարհները եւ նույն գերեզմանոցին հարող ճանապարհը: Շառլ Ազնավուրի ասֆալտապատ փողոցը տանում է դեպի թիվ 3 միջնակարգ դպրոց, թիվ 2 մանկապարտեզ, արվեստի դպրոց: Բոլոր ուղղություններում կառուցվում են նաեւ ջրահեռացման համակարգեր: Փաստորեն, գյուղի 2200 տնտեսություններից ավելի քան 1500-ը օգտվելու են այս ճանապարհներից: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ասֆալտապատվող ճանապարհները տանում են դեպի վարելահողեր, խոտհարքներ ու արոտներ, ապա կարելի է ասել, որ ողջ գյուղն արդեն համարվում է նորանորոգ ճանապարհների շահառու:

Ուրախալին այն է, որ արտերկրում աշխատող սարուխանցի գործարարները, մեկը մյուսից առաջ ընկնելով, սկսել են ֆինանսապես աջակցել հայրենի գյուղի ճանապարհների ասֆալտապատմանը, ինչի արդյունքում ասֆալտապատման մակերեսը մոտենում է աննախադեպ ցուցանիշի՝ մոտ 20 հազար քառակուսի մետրի: Մեր գյուղի պատմության մեջ նման ծավալի ճանապարհաշինություն մինչ հիմա չի իրականացվել: Այս շարժը մեզ արդեն համոզում է, որ մոտակա մեկ-երկու տարում ողջ Սարուխանը գործարարների աջակցության կամ տեղական միջոցների ներդրման շնորհիվ կունենա ամբողջովին ասֆալտապատ ու բարեկարգ եւ լուսավոր փողոցներ:

Պարզապես դժվար է նկարագրել, թե մարդկանց ինչ ոգեւորություն է պատել, թե ինչպես են բոլորն ուզում օր առաջ իրենց փողոցներն ու բակերը բարեկարգ, ասֆալտապատ տեսնել»,-նշեց Սարուխան համայնքի ղեկավարը: Գյուղի բնակիչներից առավել իրենց ոգեւորությունն են արտահայտում նաեւ սարուխանցի բարերար-գործարարները, ովքեր չեն հեռանում ճանապարհաշինարարների կողքից՝ կազմակերպելով ու վերահսկելով բոլոր աշխատանքները: «Կապիտալ նորոգված այս փողոցը նմանվել է Երեւանի Հյուսիսային պողոտային: Մենք մեր ձեռքերով կկառուցենք մեր հայրենի գյուղը, այն կդարձնենք մեծ երկրների բնակավայրերի պես հրապուրիչ: Ճանապարհաշինարարները շատ որակյալ գործ են անում: Հավատացած եմ, որ շատ շուտով նման նախաձեռնություն հանդես կբերեն նաեւ մեր գյուղի այլ թաղամասերում, մեր հարեւան համայնքներում: Հայրենաշինության բռնկման ժամը վրա է հասել»,-ներկայացրեց սարուխանցի բարերար-գործարար Հակոբ Աբրահամյանը: Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնում է «Շինպլյուս» ՍՊԸ-ն: 2018 թվականի ընթացքում տեղական միջոցներից հատկացված 7,5 միլիոն դրամի հաշվին լուսավորվել են Մեսրոպ Մաշտոց եւ Գրիշա Դարբինյան փողոցները:

Խոսրով Խլղաթյան

Share