Բաժին. Ֆինանսական

Հարավկովկասյան երկաթուղում 9 ամիսների արդյունքներով աշխատավարձային ֆոնդն ավելացել է 610 մլն դրամով

Հարավկովկասյան երկաթուղում ընդգծում են նախագծային ցուցանիշների կատարման կարևորությունը 2018 թվականի ավարտական փուլում

 «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն Ընկերության ղեկավարության և արհմիութենական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց, որի ընթացքում հանձնարարել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին լիարժեք կատարել աշխատանքի նախագծային ցուցանիշները:

Հարցի շրջանակներում Ս.Վալկոն անդրադարձել է երկաթուղում նոյեմբերի 5-7-ին ստեղծված իրավիճակին, ինչի արդյունքում ժամանակավորապես դադարեցվել էր գնացքների երթևեկությունը: Ընկերության ղեկավարը նշեց, որ դրա պատճառն էր շարքային երկաթուղայինների անտեղյակությունը և պարգևատրումների հաշվարկի վերաբերյալ ղեկավարների ու կոլեկտիվի շարքային անդամների միջև արդյունավետ երկխոսության բացակայությունը:

Լիարժեք զբաղվածության ռեժիմին անցնելու պայմաններում՝ 2018 թվականի 9 ամիսների արդյունքներով աշխատավարձային ֆոնդը տարվա կտրվածքով ավելացել է 11,9% կամ 610 մլն դրամով:

ՀԿԵ գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ պարգևատրման կարգն արդեն վերափոխվում է, գործընթացը կլինի բավականին երկարատև ու աշխատատար: Պարգևների վճարման բարեփոխված տարբերակը թույլ կտա նվազեցնել որոշ ամիսների արտադրական արդյունքների ազդեցությունը երկաթուղայինների աշխատավարձի ընդհանուր մակարդակի վրա:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share