Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հիմնավոր չի համարում սոցիալական ցանցերում քննարկումներն այն մասին, թե ՊԵԿ-ը արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների եկամուտերը հարկելու նախագիծ է պատրաստվում ներկայացնել: ՀՀ կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Դավիթ Անանյանը նշեց, որ սոցիալական ցանցերում տարածում գտած քննարկումները հիմնավոր չեն: «Ուղղակի հնարավոր է, որ այս կամ այն նախադասությունը, այս կամ այն միտքը սխալ ընկալված լինի: Ամենակարևորը հետևյալն է՝ առանց հանրային քննարկման որևէ նախաձեռնություն օրենքի ուժ չի կարող ստանալ: Հիմա ես հասկանում եմ, որ քաղաքական, նախընտրական այս շրջանում կոնտեքստից կտրած ինչ-որ միտք կարող է մեկնաբանվել, իսկ այդ մեկնաբանությունները շահարկման առիթ կարող են հանդիսանալ: Կառավարությունում որևէ կոնկրետ նախագիծ դեռ չկա, կա եկամուտների համատարած հայտարարագրման գաղափար, որի շուրջ կա գաղափար: Այդ գաղափարը նախ պետք է քննարկեն մասնագետները, հետո՝ կառավարությունը, իսկ նախնական նախագծի տեսք ունենալուց հետո այն պետք է դրվի հանրային քննարկման: Դա լինելու է 2019թ. ընթացքում: Իրավական ակտերի փոփոխությունների որևէ շուտափույթ փաթեթ չկա և այս պահին օրակարգում չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Անանյանը:
Նա մանրամասնեց, որ բոլոր քաղաքակիրթ երկրներում կա եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտ: «Մենք մեր անկախության օրվանից քննարկում ենք՝ արդյոք հնարավորություն ունե՞նք եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտ ներդնել: Մենք առաջին անգամ տեխնիկապես ունենք այդպիսի հնարավորություն: Ոչ թե անձինք իրենք պետք է պատրաստեն այդ տարեկան հայտարարագրերը, այլ հարկային համակարգում առկա ինքնաշխատ համակարգերը պետք է գեներացնեն այդ հաշվետվությունները, իսկ մենք պետք է տանենք, ներկայացնենք ֆիզիկական անձանց, որպեսզի նրանք նայեն՝ համաձա՞յն են դրա հետ, թե՞ չէ»,- ասաց Անանյանը:
Նրա խոսքով՝ այս պահին ստվերում կան բազմաթիվ եկամուտներ, որոնք պոտենցիալ հարկման ենթակա են, բայց չեն հարկվում: ՊԵԿ նախագահն ընդգծեց՝ եթե մենք վերջնականապես որոշել ենք, որ պետք է ստվերի դեմ պայքարենք, պետք է մտածենք համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրման մասին մտածենք: «Մենք 27 տարի դրա մասին մտածում ենք, բայց անընդհատ հետաձգում ենք, որովհետև ասում ենք, որ երկիրը դեռ պատրաստ չէ դրան անցնել»,- նշեց Անանյանը:
Դավիթ Անանյանը հերքեց տարածված լուրերը, թե պատրաստվում են հարկել տրանսֆերտները: «Անձը, ով դրսում աշխատում է և իր եկամուտն ուղարկում է, որպեսզի իր ընտանիքը սպառի, մենք սպառումը չենք հարկելու: Եթե անձը դրսում է աշխատում և, եթե եկամտային հարկի առումով համարվում է ռեզիդենտ, ինքն այսօր էլ տարեկան դեկլարացիա ներկայացնելու պարտավորություն ունի»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Դավիթ Անանյանը հավելեց՝ եթե մարդը հայաստանյան օրենսդրության համաձայն՝ չի հանդիսանա այստեղի ռեզիդենտ եկամտային հարկի առումով ու կստանա ոչ հայաստանյան եկամուտներ, նա Հայաստանում չի հարկվի:
Անանյանն հերքեց նաև լուրերը, թե հարկվելու են իրենց բերքը վաճառող գյուղացիները: Նա շեշտեց, որ ՀՀ օրենսդրությամբ գյուղացիների այդ եկամուտները հարկերից ազատված են: