Բաժին. Ֆինանսական

Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում գործող 127 ընկերության ներկայացվել է ապառքների մասով համապատասխան զգուշացում

Հայաստանում հանքարդյունաբերություն ոլորտում գործող 127 ընկերության ներկայացվել է ապառքների մասով համապատասխան զգուշացում` պարտականությունները կատարելու հետ կապված:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Ընդհանուր ուսումնասիրվել են բոլոր այն թույլտվությունները, որոնք ունենք տրված այս դաշտում: Արդեն վերականգնվել է 134 միլիոն դրամ: 28 ընկերություններից 23-ի նկատմամբ զգուշացումներ են ներկայացվել, իսկ հինգի՝ ընդերքի օգտագործման իրավունքները դադարեցվել են պարտավորությունները չկատարելու համար»,-ասաց Բաղրամյանը՝  չնշելով, թե որ ընկերությունների մասին է խոսքը:

«Այս պահին չեմ հիշում, թե որ ընկերություններն են: Ինֆորմացիա կարող եք ստանալ մեր նախարարությունից»,-նշեց նա: Խոսելով առաջիկա անելիքներից՝ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման մասով աշխատանքները շարունակվելու են:

«Բոլոր մեր պետական ձեռնարկություններում այսօր իրականացվում է հաստիքացուցակների և աշխատողների վերանայում, օպտիմալացում, ուսումնասիրվում են գործող սակագներում ներառված ծախսերը, գնումների ընթացակարգերը։ Որևէ ավելորդ ծախս բացառվելու է»,- հավելեց Գարեգին Բաղրամյանը:

Share