Բաժին. Ֆինանսական

Շուրջ 600 մլն դրամ կպահանջվի Սևան-Գոմաձոր-Ցամաքաբերդ ճանապարհի հիմնանորոգման համար

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասերն իրար կապող ճանապարհի հիմնանորոգման համար կպահանջվի շուրջ 600 միլիոն դրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Գևորգ Խաչատրյանը, Սևանից Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասեր տանող ճանապարհի երկարությունը կազմում է 5,8 կիլոմետր: Ճանապարհը նորոգման չի ենթարկվել ավելի քան 3 տասնամյակ ու դժվարանցանելի վիճակ է ստեղծում տրանսպորտային երթևեկության համար:

«Ճանապարհի հիմնանորոգման համար, նախնական գնահատումներով, կպահանջվի շուրջ 600 միլիոն դրամ: Ճանապարհի հիմնանորոգումը խիստ առաջնահերթ խնդիր է թե քաղաքային, թե մարզային իշխանությունների համար: Ինչպես վերջերս Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում հավաստել է ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ զարգացման նախարար Հակոբ Արշակյանը, այս ճանապարհը կհիմնանորոգվի 2019 թվականի ընթացքում, նախարարության տնտեսված միջոցների հաշվին: Ճանապարհի ասֆալտբետոնե ծածկը գրեթե ամբողջովին քայքայված է, շահագործվում է մեծ դժվարությամբ: Հուսանք, որ եկող տարի այստեղ կունենանք նորոգված ու բարեկարգ ճանապարհ»,-նշեց Գևորգ Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան

Share