Բաժին. Ֆինանսական

Սարհատ Պետրոսյան․ Հայաստանում լինելու է ամբողջովին առցանց, ինքնաշխատ և «անթուղթ» կադաստր

Առաջիկայում Հայաստանում լինելու է ամբողջովին առցանց, ինքնաշխատ և «անթուղթ» կադաստր: Դա ենթադրում է, որ կադաստրի հետ կապված բոլոր գործընթացները հնարավոր կլինի անել առցանց, առանց գրասենյակ այցելելու:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում  նշեց ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը:  Այս գործընթացն արդյոք կարո՞ղ է հանգեցնել համակարգի օպտիմալացման, աշխատատեղերի կրճատման: Հարցին ի պատասխան, Սարհատ Պետրոսյանը նշեց, որ այս պահին հակառակ գործընթացն է տեղի ունենում:

«Երբ ես ստանձնեցի պաշտոնը՝ մեր համակարգում ավելի քիչ մարդ էր աշխատում, քան այսօր: Իհարկե, իրականացվող բարեփոխումների արդյունքում, ավելի փոքր թվով աշխատողներով մենք կարող ենք իրականացնել նույն գործառույթը, պարզապես կադաստրը հավակնոտ այլ ծրագրեր է իրականացնելու նոր ուղղություններով, օրինակ՝ հասցեների ռեգիստրը, որտեղ կուղղորդվի աշխատանքային ռեսուրսը»,-ասաց Սարհատ Պետրոսյանը:

Ուսումնասիրվել է կադաստրային ծառայությունների գնային քաղաքականությունը: Սարհատ Պետրոսյանի խոսքով՝ առաջին հայացքից ծառայությունները կարող են երևալ թանկ, սակայն պետք է հասկանալ, որ Կադաստրի կոմիտեն ինքնաֆինանսավորվում է:

«Մենք պետական բյուջեից գումարներ չենք ստանում ամենօրյա գործառույթներ իրականացնելու համար: Այո, պոպուլիստական քայլ կարող էր լինել ծառայությունների սակագների նվազեցումը, սակայն տարվա վերջում պետք է գնայինք պետությանը խնդրեինք գումար հատկացնել ծախսեր իրականացնելու համար»,-ասաց անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարը: Նա նշեց, որ բարեփոխումների ընթացքում հնարավորություն կունենան էականորեն նվազեցնել գները, բայց դրա համար ճանապարհ ունեն անցնելու:

Share