Բաժին. Ֆինանսական

Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի ակցիզային հարկերը աճելու են

Ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմամբ ստեղծվելու են լրացուցիչ հարկային եկամուտներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Ակցիզային հարկերի դրույքաչափերի բարձրացման քաղաքականությունը նոր չէ, այն արտացոլված է Հարկային օրենսգրքում: Եվ սկսած 2017թ.-ից մենք շարունակաբար բարձրացնում ենք ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափը: Այս նախաձեռնությամբ առաջարկվում է ավելի առաջանցիկ տեմպերով բարձրացնել ակցիզային հարկի դրույքաչափերը՝ ակնկալելով ունենալ լրացուցիչ հարկային եկամուտներ»,- ասաց Պողոսյանը:

Միևնույն ժամանակ նա նկատեց, որ այնպես չէ, որ դրույքաչափը 10 տոկոս բարձրացնելով կունենանք լրացուցիչ 10 տոկոս հարկային եկամուտ: «Այստեղ բազմաթիվ հարակից ազդեցություններ են աշխատում, մասնավորապես, իր դերակատարությունն է ունենում պահանջարկի գնային ճկունությունը, սպառողի հնարավոր վարքագիծը: Սպառողը կարող է սպառել ցածր գին ունեցող ալկոհոլ և ծխախոտ»,- նկատեց փոխնախարարը:

Նա վստահեցրեց, որ իրենք ուսումնասիրում են այդ ռիսկերը, խորությամբ հաշվի են առնում դրանք և իրենց գնահատականներում խիստ պահպանողական են:

Share