Բաժին. Ֆինանսական

Պետական գերատեսչությունների բոլոր արտաբյուջետային հաշիվները կդադարեն գործել

ՀՀ կառավարության որոշմամբ պետական գերատեսչությունների բոլոր արտաբյուջետային հաշիվները կդադարեն գործել: Այդ մասին Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Կան մարմիններ, որոնք ունեն արտաբյուջեներ, կային մարմիններ, որոնք չունեն: Հիմա նպատակն է, որպեսզի ունենանք միասնական մոտեցում: Շրջանառության մեջ է դրվել օրենսդրական փաթեթ, որով կդադարեցվի արտաբյուջետային հաշիվներով շրջանառությունը, ինչը նշանակում է, որ մենք գնում ենք եղած միջոցների համախմբման, ոչ միայն ֆինանսական, այլև այլ ռեսուրսների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ այդ մոտեցումը տարածվելու է նաև ուժային կառույցների վրա: Ըստ նախարարի՝ միայն արտաբյուջեների մասով պետբյուջեից տարեկան հատկացվում է 29 մլրդ դրամ: «Նախագծերի փաթեթը շրջանառվում է, կառավարության առաջիկա նիստերից մեկում այն կընդունվի և կուղարկվի ԱԺ: Ընթացիկ տարվա վրա որոշումը չի ազդի, այլ կգործվի 2020 թվականի հունվարի 1-ից», – նշեց Ջանջուղազյանը:

Share