Բաժին. Ֆինանսական

Սպասվում է հանրահայտ «Դասո սիսթեմս» ու «Թալես» ընկերությունների ներկայացուցիչների այցը Հայաստան

Փետրվարի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագին: Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնատան Լաքոթը:

Տիգրան Ավինյանի խոսքով՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը շարունակում է խորանալ և ընդլայնվել, իսկ ԶՖԳ աշխատանքը Հայաստանում լրացուցիչ խթան է փոխշահավետ գործընկերության կառուցման համար:

Գայել Ասայագը շնորհակալություն է հայտնել ընդունելություն համար և ասել, որ գործակալությունը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարության զարգացման նպատակների կյանքի կոչմանը։ Փոխվարչապետը նշել է, որ կառավարության ծրագրի հիմքում դրված է ներառական աճի մոդելը, որն իրենից ենթադրում է նաև հավելյալ միջոցների բաշխում ենթակառուցվածքների, կրթության և առողջապահության զարգացման համար, ինչը երկարաժամկետ կտրվածքով թույլ կտա երկրին մեծ առաջընթաց արձանագրել: Զրուցակիցները որպես երկկողմ համագործակցության համար կարևոր ոլորտներ են առանձնացրել կառավարման համակարգի կարողությունների զարգացումը, ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը, էներգաարդյունավետությունը, զբոսաշրջությունը, քաղաքաշինությունը: Քննարկվել է Վեդիի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը, որն իրականացվում է ԶՖԳ կողմից տրամադրած 75 մլն եվրո վարկով և կառավարության համաֆինանսավորմամբ, ինչպես նաև Արարատի և Արմավիրի մարզերում 10 մլն եվրո արժողությամբ ոռոգելի գյուղատնտեսության զարգացման դրամաշնորհային ծրագիրը, որի նախագիծն այժմ քննարկվում է կառավարության և ԶՖԳ միջև։

Դեսպան Ժոնաթան Լաքոթն ասել է, որ վերջին շրջանում ֆրանսիական ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ զգալիորեն աճել է, մասնավորապես սպասվում է հանրահայտ «Դասո սիսթեմս» ու «Թալես» ընկերությունների ներկայացուցիչների այցը Հայաստան:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-ֆրանսիական գիտատեխնոլոգիական և կրթական համագործակցության սերտացմանը, մասնավորապես Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նոր մասնաշենքի կառուցման, ֆրանսիական դպրոցի հետագա զարգացման, ֆրանսիական Թուլուզ քաղաքի մի շարք բուհերի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համագործակցությամբ գերհամակարգչային կենտրոնի ստեղծման հարցերին։

Share