Բաժին. Ֆինանսական

2018թ.-ին ֆիզիկական անձանց կողմից արտերկրից իրականացված դրամական փոխանցումների ծավալն աճել է 1.66%-ով

ՀՀ Կենտրոնական Բանկի հրապարակած տվյալների համաձայն 2018թ.-ին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից մուտք եղած դրամական փոխանցումների ծավալը կազմել է 1.786 մլրդ դոլար։ 2017թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 29.12 մլն դոլարով կամ 1.66%-ով։

Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունից իրականացված դրամական փոխանցումների ծավալը կազմել է 1.05 մլրդ դոլար, 2017թ. ցուցանիշի համեմատ արձանագրվել է նվազում 1.41%-ով կամ 15 մլն դոլարով։ ԱՄՆ-ից իրականացված փոխանցումների ծավալն աճել է 40.88 մլն դոլարով կամ 22.31%-ով և կազմել 224.13 մլն դոլար։

Ինչ կայանում է տրանսֆերտների տարեկան ցուցանիշներին, ապա 2004թ.-ին դրամական փոխանցումների ծավալը կազմել է 760.7 մլն դոլար։ Մինչև 2008թ.-ը դրանց ծավալներն անընդմեջ աճել են՝ հասնելով 2.271 մլրդ դոլարի։ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանով 2009թ.-ին արձանագրվել է կտրուկ անկում՝ մինչև 1.576 մլրդ դոլար։ Ճգնաժամի հաղթահարումը տևել է 4 տարի և 2013թ.-ին հաջոցվել է գերազանցել 2008թ.-ի ցուցանիշը՝ արձանագրվել է 2.302 մլրդ դոլար ցուցանիշ։ 2015թ.-ին հերթական անգամ արձանագրվել է տրանսֆերտների ծավալների կտրուկ անկում, արձանագրվել է 1.632 մլրդ դոլար ցուցանիշը։ Այս անգամ պատճառը ռուսական ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումն էր, ինչը տեղի ունեցավ ՌԴ նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանով։ 2016-2018թթ.-ին տրանսֆերտների ծավալներն աճել են։

Եթե համեմատենք 2013թ.-ի և 2018թ.-ի ՌԴ-ից Հայաստան իրականացրած փոխանցումների դոլարով արտահայտված ցուցանիշները՝ 1.728 մլրդ դոլար և 1.05 մլրդ դոլար, կստացվի, որ արձանագրվել է անկում 39.23%-ով կամ 677.96 մլն դոլարով։ Միևնույն ժամանակ, եթե փոխանցումների ծավալները ներկայացնենք ռուբլով (հաշվարկված տարեկան միջին փոխարժեքով), ապա 2013թ.-ին տրանսֆերտների ծավալը կազմել է 55.121 մլրդ ռուբլի (դոլարի 31.9 ռուբլի փոխարժեք), իսկ 2018թ.-ին արձանագրվել է 66.043 մլրդ ռուբլի (դոլարի 62.9 ռուբլի փոխարժեք)։ ՌԴ ռուբլով արտահայտված ցուցանիշների համեմատությունը ցույց է տալիս, որ փոխանցումների ծավալներն աճել են 19.81%-ով կամ 10.922 մլրդ ռուբլով։

Ինչ կայանում է Հայաստանից իրականացված փոխանցւոմներին, ապա 2018թ.-ին արտահոսքը կազմել է 1.188 մլրդ դոլար, ինչը 2017թ.-ի ցուցանիշը գերզանցել է 198.59 մլն դոլարով կան 20.06%-ով։

Ներհոսքի և արտահոսքի ցուցանիշների համեմատությունը ցույց է տալիս, որ Զուտ Ներհոսքի ցուցանիշը կազմել է 597.209 մլն դոլար, ինչը վերջին 12 տարում արձանագրված ամենացածր ցուցանիշն է։ Զուտ ներհոսքի ծավալների առավելագույն ցուցանիշն աձարանագրվել է 2013թ.-ին՝ 1.450 մլրդ դոլար։

Share