Բաժին. Ֆինանսական

Արթուր Ջավադյանը մասնակցելու է Ֆինանսական Կայունության Ինստիտուտի 20-ամյակին նվիրված համաժողովին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Բազել (Շվեյցարիա), որտեղ մասնակցելու է Ֆինանսական Կայունության Ինստիտուտի

20-ամյակին նվիրված միջազգային համաժողովին:

Համաժողովին քննարկվելու են տեխնոլոգիաների զարգացմանը, վերահսկողական համակարգերին, գլոբալ բանկային ստանդարտներին և կորպորատիվ կառավարմանը վերաբերող խնդիրներ:  

Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր կառույցների ղեկավարների, ինչպես նաև շվեցարահայ գործարար շրջանակի հետ:

———–

Ֆինանսական Կայունության Ինստիտուտը հիմնադրվել է 1998 թ-ին Միջազգային Հաշվարկների Բանկի և Բանկային վերահսկողության բազելյան հանձնաժողովի կողմից: Ինստիտուտն աջակցում է ֆինանսաբանկային ոլորտի վերահսկող մարմիններին՝ ֆինանսական համակարգերի բարելավման հարցերում, նպաստում վերահսկողական ստանդարտների գլոբալ ներդրմանը, տեղեկատվություն տրամադրում վերահսկողական մարմիններին, աջակցում վերահսկողական քաղաքականության վերաբերյալ քննարկումներին և գործակցության զարգացմանը:

Միջազգային Հաշվարկների Բանկը հիմնադրվել է 1930 թ-ին, Բազելում` Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Ճապոնիայի, ԱՄՆ և Շվեյցարիայի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակում: Այն ամենահին միջազգային ֆինանսական կազմակերպությունն է: Բանկն աջակցում է դրամավարկային և ֆինանսական կայունության ապահովման գործում, նպաստում միջազգային դրամավարկային և ֆինանսական գործակցությանը և կենտրոնական բանկերի համար ծառայում որպես բանկ: Վերջինիս անդամակցում են 60 կենտրոնական / ազգային բանկեր: Իր առանցքային հանձնաժողովների միջոցով (Բանկային վերահսկողության բազելյան հանձնաժողով, Գլոբալ ֆինանսական համակարգի հանձնաժողով, Վճարային և շուկայական ենթակառուցվածքների հանձնաժողով և այլն) բանկն անդամակցող կազմակերպություններին ապահովում է ֆինանսական կայունության ոլորտին վերաբերող վերլուծություններով և քաղաքականության իրականացման խորհրդատվությամբ, աջակցում բանկային վերահսկողության միասնական ստանդարտների մշակմանը և ներդրմանը:

Share