Բաժին. Ֆինանսական

Իգոր Լիպսից․ Ինչու է Տրոյկա Դիալոգի շուրջ աղմուկը վնասում տնտեսությանը

Ռուսական Forbes-ի փորձագետ Իգոր Լիպսիցը գրում է՝ «Տրոյկա Դիալոգ» ընկերության օֆշորային ցանցը, որի միջոցով Ռուսաստանից, իբրև թե, 4,8 մլրդ դոլար է դուրս եկել, հսկայական սկանդալի թեմա է դարձել։ Այնուամենայնիվ, մեկ կառուցողական եզրակացություն հաստատ կարելի է անել այս ամբողջ պատմությունից․ բանկիրները չպետք է զբաղվեն քննչական աշխատանքով, քանի որ նման պրակտիկան սպառնում է երկրի տնտեսական աճին։

«Տրոյկա Դիալոգ»-ի և նրա հիմնադիր Ռուբեն Վարդանյանի շուրջ ծավալվող խաբեբայության մեջ ամենացավալին այն է, որ մենք այդ համարում ենք անհերքելի ճշմարտություն, իբր ֆինանսիստը պարտավոր է ստուգել նրան փող բերող ճանապարհների «մաքրությունը», ինչպես նաև չիրականացնել գործարքները, ի դեպ՝ օրենքով չարգելված, որոնք, սակայն, միտված են պետության պահանջներից պաշտպանելու սեփականատիրոջ՝ կապիտալի առնչությամբ շահերը։

Եվ անգամ ոչ ցավալին, բայց սարսափելին կայանում է նրանում, որ վերջին տարիներին ֆինանսա-բանկային գործառնությունների վերաբերյալ նման տեսակետը այնքան ընդունելի և սովորական է դարձել, որ մենք այլևս չենք մտածում ո՛չ դրա նենգության, ո՛չ էլ բացասական հետևանքների մասին։ Եվ հիմա բոլորը կբղավեն՝ դա հարկավոր է կեղծ փողերի լվացման և հարկային պարտավորությունները չկատարելու դեմ պայքարելու համար։ Իսկ նման սուրբ գործի դեպքում՝ նպատակն արդարացնում է ցանկացած միջոց։

Այժմ մենք ականատես ենք տնտեսական մեխանիզմների տրամաբանության կոպիտ խախտման և մարդկային հասարակության հիմքերի ոտնահարման,-նշում է հեղինակը,- ինչպես աշխատանքի և մասնագիտացման բաժանման, այնպես էլ սոցիալ-քաղաքական գործընթացների կազմակերպման հարցում։

Մենք այսօր էլ հավատացած ենք, որ փաստաբանն իրավասու է պաշտպանելու ցանկացածին, եթե նույնիսկ վերջինս մեղադրվում է ամենածանր հանցագործության մեջ, իսկ բժիշկը, Հիպոկրատի երդմանը համաձայն, պարտավոր է փրկել մարտի դաշտից բերված ռազմական հանցագործին։ Ոչ ոքի մտքով չի անցնում պահանջել , որ բժիշկը նախ անցկացնի հիվանդի «պատշաճ ուսումնասիրություն», ապա հետո որոշում կայացնի՝ արդյոք նա բավականին արժանապատիվ և անմեղ է, որպեսզի նրան վիրահատեն։

Իսկ ահա բանկիրն ու ֆինանսիստը, առանց իրավաբանական պատշաճ ուսումնասիրության, իրավունք չունեն սպասարկել հաճախորդին։Կարծում եմ, որ հունական տաճարների քահանաները՝ ժամանակակից բանկերի նախնիները, որոնք ներքին պատերազմների ժամանակ թագավորների փողերը պահպանում էին, խիստ կզարմանային այն պահանջից, թե պետք է որոշել՝ որ թագավորի հարստությունը կարելի է պահպանել, որինը՝ ոչ, քանի որ վերջիններս Զևսի առաջ մեղսավոր են։

Եվ խնդրում եմ չպնդել, թե մենք այնքան հեռու ենք վաղնջական նախաբանկերից, որ այժմ նման խստությունը բավականին նորմալ և տրամաբանական է։

Ո՛չ, սա ոչ այլ ինչ է, քան պետական պաշտոնյաների որոշում՝ օրենքը խախտողների դեմ պայքարի իրենց աշխատանքը բարդել ոչ պետական հաստատությունների՝ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների վրա։ Եվ ավելին, նրանք ստիպում են մասնավոր բիզնեսին կրել այն ծախսերի բեռը, որը պետք է ֆինանսավորվի պետական բյուջեից և կազմի պետական մասնագիտացված կառույցների աշխատանքի հիմքը՝ հետաքննություն, դատախազներ և դատարաններ։

Այս օրինականացված այժմյան կարգն ունի մի քանի չափազանց ծանր հետևանքներ։

Նախ՝ խնայողությունների կամ բիզնեսի սեփականատերը հայտնվում է ֆինանսական գործառնությունների աշխարհի անիրավունակ դաշտում․ նրան կարող են մերժել սպասարկել և անգամ դուրս թողնել հաճախորդների ցուցակից՝ առանց բացատրության կամ բողոքարկման, այսինքն՝ լրիվ կամայականորեն («բանկի աշխատակցին թվաց, որ…»)։ Եվ սա ի դեպ ֆինանսական ոլորտում կոռուպցիայի համար բերրի հող է ստեղծում, այդպես չէ՞։

Երկրորդ՝ ֆինանսաբանկային սեկտորի կազմակերպությունները «պատշաճ ուսումնսիրության» գործողության իրականացման համար պետք է ստեղծեն առանձին ենթաբաժիններ և ավելացնեն իրենց ծախսերը դրանց գործունեության ֆինանսավորման համար։ Դա հանգեցնում է կապիտալի արժեքի ավելացմանը, խնայողությունների վերադարձի նորմայի իջեցմանը և ֆինանսական գործառնությունների դանդաղեցմանը և գործարքների ծախսերի ավելացմանը։

Իհարկե, ժամանակակից աշխարհում իմ խոսքը հերետիկոսություն կլինի շատերի համար, բայց ես պնդում եմ, որ բանկիրները և ֆինանսիստները նույնպես պետք է ազատվեն իրենց հաճախորդների և նրանց կողմից իրականացվող գործողությունների «պատշաճությունը» ստուգելու պահանջից, ճիշտ ինչպես՝ փաստաբանները և բժիշկները: Նման ստուգումը իրավապահ մարմինների խնդիրն է: Իսկ եթե նրանք կկարողանան դատարանում ապացուցել այդ գումարների անօրինական ծագումը, ապա հաճախորդների այդ գումարները պետք է օրինական կերպով դուրս բերվեն բանկերից և ֆինանսական կազմակերպություններից:Իսկ այն, ինչ այսօր կատարվում է այս ոլորտում իրավաբանորեն աննկատ և տնտեսապես վնասակար է։

Կարծում եմ, որ ո՛չ անօրինականությունը, ո՛չ կոռուպցիան այս կերպ վերացնել չի ստացվի․ «պատշաճ ուսումնասիրության» կարգավորվող աշխարհի կողքին ծաղկում է նոր, «ստվերային» ֆինանսբանկային գործառնությունների շուկան: Երևում է՝ կրիպտոարժույթների հետ խաղերը հենց նմանատիպ զարգացումների առաջին ախտանշանն են,- ազդարարել է Լիպսիցը։

Share