Բաժին. Ֆինանսական

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լոուրենս Մերեդիթին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի հետ։

«Մենք կարծում ենք, որ ներկայիս ծրագրերի իրականացման ընթացքը և դրանց առանցքում նպատակադրված թիրախներն առաջիկա առաջընթացն ապահովելու գործում մեծ ներուժ ունեն բոլոր ուղղություններում՝ մարդկային կապիտալի զարգացում, պետական կառավարման բարեփոխումներ, գործարար և հատկապես ՓՄՁ միջավայրի բարելավում և այլն», – նշել է նախարարը։

Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության ծրագրի հիմնական թիրախները, մասնավորապես մրցակցության և արտադրողականության բարձրացման, որակյալ աշխատատեղերի ստեղծման խնդիրները։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է մասնագիտական և բարձրագույն կրթության կարևորության հարցերը։ Նախարարն անդրադարձել է նաև ՓՄՁ զարգացման խնդիրներին։

Լոուրենս Մերեդիթը շնորհակալություն է հայտնել նախարարին կարևոր տեղեկատվության ներկայացման համար և նշել այն առաջնահերթ ծրագրերը, որոնք կան օրակարգում։ Եվրոպացի պաշտոնյան նախարարի հետ քննարկել է Հայաստանի արտահանման հնարավորությունները, հեռանկարային ոլորտները և թիրախային շուկաները՝ դիտարկելով ԵՄ շուկա մուտք գործելու հեռանկարները։ Կողմերը մտքեր են փոխանակել բարձր տեխնոլոգիաների, վերամշակված գյուղմթերքի, գինեգործության և թեթև արդյունաբերության ոլորտների զարգացման ներուժի վերաբերյալ։

Տիգրան Խաչատրյանը և Լոուրենս Մերեդիթը քննարկել են նաև Հայաստանում զբոսաշրջության զարգացման, ենթակառուցվածքների բարելավման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ ներդրումային համաժողովի կազմակերպչական հարցեր։

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին հանդիպման համար և նշել, որ Եվրամիությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանին նախաձեռնած բարեփոխումներում։

Share