Բաժին. Ֆինանսական

Թավշյա հեղափոխությունը չի ազդել բանկային ավանդների վրա․ 2018թ․-ին ընդհանուր ավանդներն աճել են 10․5%-ով

Մարտի 19-ին, Հայաստանի բանկերի միությունում անցկացված ասուլիսի ժամանակ նախորդ 2018թ․-ի ընթացքում բանկային համակարգի և այնտեղ կատարված գործառնությունների մասին խոսել են միության նախագահ, Ամերիաբանկի տնօրինության նախագահ – գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը և միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։

Լրագրողների հետ զրույցում Սեյրան Սարգսյանը նշեց, որ 2018թ․-ին ավանդների աճը 2017թ․-ի համեմատ կազմել է 273 մլրդ դրամ կամ 10․5%։ Նա ընդգծեց, որ 2016թ․-ից այս կողմ ավանդների ծավալը յուրաքանչյուր տարի համամասնորեն 10-12%-ով աճ է գրանցում։ Չնայած 2008-2010թթ․-ի ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրված տնտեսական ճգնաժամին և մյուս տարիներին արձանագրված տնտեսական դժվարություններին՝ տարեցտարի նոր թափ առնող ավանդների համամասնական աճը փաստում է բանկային համակարգի հանդեպ ազգաբնակչության վստահության մասին։ Անգամ 2018թ․-ին տեղի ունեցած Թավշյա հեղափոխության դեպքերը ավանդների արտահոսքի պատճառ չդարձան, ինչպես կանխատեսում էին շատերը։ Դեռ ավելին, եթե 2-րդ եռամսյակում նկատում ենք ավանդների ծավալի նվազում 38 մլրդ դրամի չափով, ապա 3-րդ եռամսյակում արձանագրվել է 174 մլրդ դրամի աճ։ Իսկ ահա տարեկան կտրվաքով՝ նախորդ տարիների դինամիկային հետևելով՝ ընդհանուր ավանդների ծավալի աճը պահպանվում է՝ Թավշյա հեղափոխությունից որևէ կերպ ազդեցություն չկրելով։

Շարունակելով ավանդների թեման՝ նշվեց, որ 2018թ․-ին նախորդ տարվա համեմատ ցպահանջ ավանդներն աճել են 183 մլրդ դրամով կամ 22%-ով, իսկ ժամկետային ավանդները՝ 90 մլրդ դրամով կամ 5․1%-ով։ Եթե դիտարկենք ավանդները ըստ իրավաբանական և ֆիզիկական անձանց ավանդների, ապա կտեսնենք, որ 2018թ․-ին իրավաբանական անձանց ավանդները աճել են 133 մլրդ դրամով կամ 13%-ով, իսկ ֆիզիկական անձանց ավանդների աճը կազմել է 50 մլրդ դրամ կամ 3%։

Խոսելով վարկային ներդրումներից՝ ասվեց, որ 2018թ․-ի վերջի դրությամբ վարկային պորտֆելն 2017թ․-ի համեմատ ավելացել է 392 մլրդ դրամով կամ 13․7%-ով։ Հանեսյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տարեկան վարկային պորտֆելը միջինում մարվում է 30%-ով։ Ընթացիկ վարկային ներդրումները բանկերի մոտ կազմում են միջինում 3,2 տրիլիոն դրամ, որի 30%-ը մարվում է, և եթե վերջինիս գումարենք տրված աճը կստանանք, թե որքան է կազմում տրամադրված վարկերի ծավալը տարվա կտրվածքով բանկային համակարգի կողմից։ Հանեսյանը հավաստում է,—«Սրանք տպավորիչ արդյունքներ են բանակյին համակարգի համար»։

Ըստ տնտեսության ճյուղերի՝ վարկային կառուցվածքն ունի հետևյալ պատկերը․ տրամադրված վարկերի 63․6%-ը՝ 2,062.5 մլրդ դրամով, կազմում են բիզնեսներին տրված վարկերը, ֆիզիկական անձանց տրված վարկերը կազմել են վարկային պորտֆելի 33․8%-ը՝ 1,095․97 մլրդ դրամով, միջբանկային վարկերը՝ 2․1%-ը, իսկ միջբանկային դեպոզիտները՝ 0․6%-ը։

Ըստ տնտեսության ճյուղերի՝ հիպոթեքային վարկերը կազմում են վարկային պորտֆելի 8%-ը՝ արձանագրելով 22%-ի աճ, գյուղատնտեսությանը տրված վարկերը կազմում են ընդհանուր վարկերի 5%-ը՝ 5․7% աճով, արդյունաբերությունում աճը կազմել է 9․4%, տրանսպորտի և կապի ոլորտում՝ 46․2% աճ, առևտրային վարկերը գրանցել են 13% աճ, ծառայությունների ոլորտը՝ 31․2% աճ, ֆինանսական հատվածում ունենք 15․4%-ով նվազում, իսկ ահա բնակչությանը տրված սպառողական վարկերի մասով արձանագրվել է 36% աճ։ ՀԲՄ գործադիր տնօրենը առանձնացրեց հատկապես շինարարության ոլորտում արձանագրված 1․8% նվազում։

Share