Բաժին. Ֆինանսական

Կառավարությունը պետգնումների համակարգին մասնակցելու համար բիզնեսին կտա ավելի լայն հնարավորություններ

ՀՀ ֆինանսների նախարարությունը գնումների գործընթացում իրականացվող բարեփոխումների համատեքստում ենթաօրենսդրական մակարդակում որոշակի փոփոխություններ է կատարել և կառավարությանը ներկայացրել է նախագիծ: Գնումների համակարգին մասնակցության համար փոքր ու միջին բիզնեսից որակավորման չափանիշներ չեն ուզի մինչ 10 մլն  դրամի գնումների կատարման դեպքում՝ նախկին 5 մլն դրամի փոխարեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը:

«Նախագիծը կազմելու համար դիրքորոշումներ ենք ստացել բիզնեսից և ՀԿ-ներից և հետո այն ներկայացրել ենք կառավարության քննարկմանը: Սակայն այն դեռ չի քննարկվել: Դրանով կկարգավորվեն մի շարք հարցեր: Եթե հայտը ներկայացնելու օրվա դրությամբ սուբյեկտն ուներ ժամկետնանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով,  մրցույթին չէր կարողանում մասնակցել: Նախագծով առաջարկվում է պարտքերը վճարելով գործընթացից դուրս չմնալու հնարավորություն ընձեռել»,-ասաց Շահնազարյանը:

Ներկայում որոշակի սահմանափակում կա դրված վարկային պարտավորություններ ունեցող կազմակերպությունների՝ գնումներին մասնակցության մասով. Շահնազարյանի խոսքով՝ սա ևս դուրս է գալու: Ֆինանսների նախարարությունը հնարավորինս բացառելու է նաև գնումների գործընթացում մասնակիցներին ձևական պահանջներով ծանրաբեռնելը: «Այսինքն` այն փաստաթղթերը, որոնք ինքներս ունենք  և կարող ենք ստուգել  և գնահատել, դրանք այլևս մասնակիցներից չենք ուզելու: Եվ եթե ցանկություն կլինի պարզել, թե ներկայացված տեղեկատվությունը համապատասխանում է  իրականությանը, թե ոչ, ապա մեր համապատասխան պետական մարմինների միջոցով կճշտենք»,-տեղեկացրեց վարչության պետը:

Մինչ 5 մլն դրամի պետական գնումների կատարման ժամանակ փոքր ու միջին բիզնեսին առանց որևէ որակավորման չափանիշի պահանջների բավարարելու, տրվում էր հնարավորություն մասնակցելու ընթացակարգերին: Շահնազարյանի խոսքով՝ այս 5 մլն դրամի շեմը կբարձրացվի և կդառնա  10 մլն դրամ: Սրանով գրավչության աստիճանն ավելի կմեծանա:  Շահնազարյանը շեշտեց, որ սրանք այն տեսանելի խնդիրներն էին, որոնցից բիզնեսը որոշակի բողոքներ ուներ:

Share