Բաժին. Ֆինանսական

Գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքը բարձրացնելով՝ պետությունը լուծում է ոչ միայն ֆիսկալ, այլ նաև ոլորտի կարգավորման խնդիր

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը վստահեցնում է, որ գրավատների, փոխանակման կետերի համար պետական տուրքը բարձրացնելով լուծում են նաև ոլորտի կարգավորման խնդիր: Ֆինանսական ծառայությունների մատուցման տրամաբանությունը երկրում պետք է միասնական լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատկան մարմիններն այս մասին խոսեցին ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկմանը:

Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե պետական տուրքը արտարժույթի փոխանակման կետերի համար կտրուկ բարձրացնելով ինչ խնդրիր են լուծում՝ ֆիսկալ, թե վերահսկողական:

«Եթե լուծելու լինեինք միայն ֆիսկալ խնդիր, կարելի էր գնալ նաև այլ ճանապարհով, հետևաբար մենք լուծում ենք ոչ միայն ֆիսկալ խնդիր, այլ նաև ոլորտում կարգավորման խնդիր: Կարծում ենք՝ արդարացված չէ, որ նույն ոլորտում կողք կողքի գործում են կազմակերպություններ, որոնք իրականացնում են նույն գործառույթ, սակայն դրանք գործում են միմյանցից էականորեն տարբերվող կարգավորումների կամ նորմատիվային միջավայրում», – ասաց Արման Պողոսյանը:

Պողոսյանի խոսքով՝ իրենց ընկալմամբ երկու ճանապարհ կա. կամ այս հանրույթը պետք է գործի խիստ կարգավորումների միջավայրում, կամ ոլորտում պետք է լինի խոշորացման գործընթաց, որ ոլորտը վերահսկելի կդարձնի ԿԲ-ի կողմից:

Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետի տեղակալ Արման Ալոյանը նկատեց, որ այսօր էլ կարգավորումը խիստ է, սակայն խնդիրն այն է, որ փոխանակումը ֆինանսական ծառայություն է, իսկ դրանց  մատուցման տրամաբանությունը երկրում պետք է միասնական լինի: «Եվ ԿԲ-ն նույնպես հնչեցրել է  այն մոտեցումը, որ, այսպես ասած, պարզ լիցենզիաներն ունեն որոշակի կարգավորման ռիսկեր: Դրա համար մեզ համար նախընտրելի է  գործ ունենալ այնպիսի սուբյեկտների հետ, որոնք կարգավորման ընդհանուր դաշտում են»,-նշեց նա։

 «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների սպասվող նախագծով նախատեսվում է գրավատների համար տարեկան պետական տուրքը 100 հազար դրամից դարձնել 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազարից 3 միլիոն դրամ: Այս փոփոխությունն առաջացրել էր ոլորտի ներկայացուցիչների դժգոհությունը:

Share