Բաժին. Ֆինանսական

ՀԲՄ. 2018թ.-ին Հայաստանում քարտերով իրականացված գործարքների ծավալն աճել է 22.6%-ով

Վճարային քարտերով գործառնությունները շարունակում են մնալ հանրային կարևորություն և հետաքրքրություն ունեցող ոլորտ, որոնց ուղղությամբ որոշ ցուցանիշներ ներկայացնելու նպատակով Հայաստանի բանկերի միության հանրային կապերի ծառայությունը  հարցազրույց է կազմակերպել Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցը:

– Պարոն Սարգսյան, եթե փորձենք անդրադարձ կատարել ՀՀ առևտրային բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով գործարքների դինամիկային, ապա ի՞նչ պատկեր կձևավորվի:

– Կարող ենք փաստել, որ մեր բնակչության մոտ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը այս վճարման միջոցների հանդեպ:

Մասնավորապես վերջին մեկ տարվա կտրվածքով վճարային քարտերի քանակը ավելացել է 18%-ով ու այդ ավելացումը տեղի է ունեցել ՀՀ-ում թողարկվող բոլոր վճարային համակարգերի քարտերի մասով և վերջիններիս քանակը կազմել է շուրջ 2 մլն 24 հազար հատ: Բոլոր քարտերով միասին իրականացվել է ավելի քան 48.1 մլն գործարք, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 32.8%-ով:

Քարտերով իրականացված գործարքների ծավալը կազմել է ավելի քան 1.9 տրլն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 22.6%-ով:

– Ինչպիսի զարգացումներ են նկատվում անկանխիկ գործարքների ասպարեզում: Մի փոքր մանրամասնենք նաև այս հատվածի վիճակագրությունը:

– Վճարային քարտերի գործածության ծավալների աճի հետ միասին, թեկուզ դանդաղ տեմպով, սակայն նկատվել է անկանխիկ գործարքների քանակի և ծավալի աճ՝ ի հաշիվ կանխիկ գործարքների:

Անկանխիկ գործարքների քանակի բաժնեմասը կազմել է 37%, նախկին 30 %-ի փոխարեն, իսկ ծավալի առումով՝ կազմել է 20%, նախկին 17%-ի փոխարեն: Կարծում եմ մենք պետք է ավելի մեծ ջանքեր ներդնենք, որպեսզի անկանխիկի և կանխիկի համամասնությունները փոխվեն:

– Ամեն դեպքում անկանխիկ գործարքների աճն ավելին է քան նախորդ տարիներին, ինչո՞վ է դա պայմանավորված:

– Անկանխիկ գործարքների այս առաջընթացիկ աճը կարող է պայմանավորված լինել ինչպես քարտերը որպես վճարման միջոց ընդունող առևտրային կետերի քանակի աճով, որը անցած տարվա կտրվածքով ավելացել է 20.4%-ով, այնպես էլ հաճախորդների կողմից քարտերի օգտագործման առավելությունների գիտակցմամբ և չեմ բացառում նաև՝ ստվերի կրճատման հետևանքով:

Անկանխիկ գործարքների  ծավալի ավելացման պայմաններում նկատվել է նաև, որ քարտերով կատարված մեկ գործարքի միջին ծավալը նվազել է՝ կազմելով 22000 ՀՀ դրամ, ինչը խոսում է այն մասին, որ մեր հաճախորդներն ավելի հաճախ սկսել են վճարել նաև փոքրիկ գնումների ժամանակ:

Կանխիկ գործարքների մասով մեկ գործարքի միջին ծավալը ևս նվազել է մինչև 51000 ՀՀ դրամ, ինչը նշանակում է, որ հաճախորդները չեն շտապում անմիջապես կանխիկացնել քարտային հաշվին եղած որջ գումարը, այլ թողնում են հետագա անկանխիկ գործարքներ կատարելու համար:

-Քարտերով գործարքների մասին խոսելիս չենք կարող շրջանցել ինտերնետ միջավայրը: Ինչպիսի՞ միտումներ կան  այս միջավայրում գործարքներ իրականացնելու ասպարեզում:Քարտերով ինտերնետ միջավայրում կատարված գործարքների կտրուկ աճ է արձանագրվել. քանակային՝ 75.4%-ով, իսկ ծավալային առումով՝ 73%-ով: Աճի այս տեմպերը դեռ երկար կպահպանվեն՝ հաշվի առնելով ինտերնետ միջավայրում գործարքների աճի միջազգային միտումները:

Share