Բաժին. Ֆինանսական

Քաղաքապետ Մարությանը ավագանու նիստի օրակարգից հանեց աշխատավարձերի բարձրացման հարցը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր աշխատավարձի բարձրացված մասը՝ 400 հազար դրամը որոշել է ամեն ամիս ուղղել համայնքում տեղի ունեցող որևէ բարեգործական միջոցառման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարեց Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում:

Հայկ Մարությանը նշեց, որ 16 տարեկանից գիշեր- ցերեկ աշխատել է և այս տարիքում արդեն իրեն բավական ապահովված մարդ է համարում: «Երևանի քաղաքապետարանում  իմ գտնվելը միայն մեր հեղափոխության արդարության սկզբունքները պահելու համար է, գումարային ակնկալիքներ չունեմ: Ես այս պահին 400 հազար դրամ եմ ստանում և շարունակելու եմ նույնքան էլ ստանալ: Երբեք չեմ օգտվել, չեմ օգտվում և չեմ օգտվի պարգևավճարներից»,-ասաց նա՝ հավելելով, որ ի սկզբանե դեմ է եղել քաղաքապետարանի 1700 աշխատակիցների հետ նաև իր աշխատավարձի բարձրացմանը, սակայն իրավաբանները պնդել են, որ դա օրենքի կետի խախտում կդիտարկվի:

Քաղաքապետն ընդգծեց, որ այս պահին բոլոր գերատեսչությունները, նախարարությունները, պետական մարմիններն աշխատում են պարգևավճարների համակարգով: «Մենք ուզում ենք գնալ ավելի պարզ և բաց ճանապարհով, այն, ինչ կոչում է «աշխատավարձ պլյուս պարգևավճար» բերել աշխատավարձի դաշտ»,-ընդգծեց նա, վստահեցնելով, որ աշխատավարձերի բարձրացումը տեղավորվում է միայն այդ պարգևավճարների բյուջեի մեջ:

Հաշվի առնելով այն բուռն արձագանքները, որ առաջացել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման շուրջ, Հայկ Մարությանը որոշեց ավագանու նիստի օրակարգից հանել հարցը՝ ավելի լայն քննարկման և կոնսենսուսի գալու համար:

Երևանի ավագանու արտահերթ նիստին մասնակցում է ավագանու 43 անդամ: Երևանի ավագանու անդամները նիստը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Գարիկ Նալբանդյանի հիշատակը, ով օրեր առաջ աշխատանքային պարտականությունները կատարելիս վթարի էր ենթարկվել և մահացել:

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան միջինը 28-30 տոկոսով: Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի որոշման համաձայն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատավարձը կազմում է 575 հազար դրամ, սակայն նոր փոփոխություններով նախատեսվում է դարձնել 1 մլն 200 հազար ՀՀ դրամ (քաղաքապետն իր բանավոր խոսքում հիշատակել է 400 հազար դրամ՝ նկատի ունենալով հարկային պահումներից հետո իր ստացած գումարը): Քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը կդառնա 947 հազար դրամ, մյուս երկու տեղակալներինը՝ 912 հազար դրամ:

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի աշխատավարձը որոշման համաձայն կլինի 912 հազար ՀՀ դրամ՝ 443 հազարի փոխարեն: Քաղաքապետի խորհրդականները կստանան 667 հազարական դրամ:

Share