Բաժին. Ֆինանսական

Փաշինյանն առաջարկեց պատժի հավելյալ մեխանիզմներ մտածել պայմանագրային պարտավորությունները դիտավորյալ չկատարող ճանապարհաշինարարների համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց պատժի հավելյալ մեխանիզմներ, ընդհուպ` քրեական պատասխանատվություն սահմանել պետության նկատմամբ պայմանագրային պարտավորությունները դիտավորյալ կերպով չկատարողների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ՀՀ վարչապետն այս մասին կառավարության մայիսի 10-ի նիստում՝ անդրադառնալով ճանապարհաշինության ոլորտում կատարվելիք լայնածավալ աշխատանքներին:

«Մայիսի 15-ից, ինչպես խոստացել ենք, հույս ունեմ լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքները կսկսվեն, և կառավարության կառուցվածքի փոփոխությունը որևէ կերպ այդ աշխատանքի վրա չպետք է ազդի: Մենք պետք է պայմանավորվենք, որ այն պատմությունը Ոսկեպար-Նոյեմբերյանի հատվածի հետ կապված, մենք այս տարի չպետք է ունենանք: Ես նույնիսկ մտածում եմ, որ մենք պետք է մտածենք օրենսդրական փոփոխություններ անելու մասին, որ, եթե որևէ մեկն իր պայմանագրային պարտավորությունները դիտավորյալ կերպով չի կատարում, պետք է մտածել, թե այստեղ պետությունն իր շահերը պաշտպանելու ինչ հավելյալ մեխանիզմներ պետք է ունենա, ընդհուպ` քրեական պատասխանատվությանը ենթարկելը»,- ասաց Փաշինյանը:

2018թ. Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհահատվածում կատարվել էր անորակ շինարարություն, որի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր նաև կառավարության նախորդ նիստերից մեկի ժամանակ:

Share