Բաժին. Ֆինանսական

Ամերիաբանկ. կոնֆերանս՝ արևային լիզինգի թեմայով

Կարևորելով վերականգնվող էներգետիկայի զարգացման միտումները Հայաստանում`

Ամերիաբանկը հրավիրել է արևային լիզինգի թեմայով կոնֆերանս իր կորպորատիվ հաճախորդների և պոտենցիալ հաճախորդների համար:

Միջոցառմանը մասնակցեցին Ամերիաբանկի Կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (EBRD) Հայաստանում Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) խորհրդատու կառույցի ներկայացուցիչները, մատակարար ընկերություններ և պետության ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Միջոցառումը նպատակ ունի բիզնեսի ներկայացուցիչներին հնարավորություն տալ ծանոթանալու արևային էներգիայի օգտագործման առավելություններին, արևային էլեկտրակայանների առանձնահատկություններին, ֆինանսավորման արդյունավետ սխեմաներին, առկա փորձին և տեղում ստանալ ամբողջական խորհրդատվություն արևային էներգիայի օգտագործման ողջ գործընթացի վերաբերյալ:

Ամերիաբանկի կողմից առաջարկվող արևային լիզինգը ընձեռում է հետևյալ հնարավորությունները.

– GEFF-ի հետ ունեցած համագործակցության շրջանակներում լիզինգի մայր գումարի 20%-ի փոխանցում /CASHBACK/ հաճախորդի հաշվին և ստացված միջոցների տնօրինում հաճախորդի հայեցողությամբ

– ֆինանսավորում առանց գրավի

– համագործակցության լայն շրջանակ շուկայի լավագույն մատակարարների հետ

– լիզինգին զուգահեռ այլ ֆինանսական գործիքների օգտագործում

– սերտ համագործակցություն միջազգային ֆոնդերի հետ:

Տեղի ունեցավ նաև պանելային քննարկում, որին մասնակցեցին ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականություններ կատարող Հակոբ Վարդանյանը, «Շտիգեն» ՍՊԸ հիմնադիր Հայկ Շեկյանը, GEFF-ի տեխնիկական խորհրդատու/ճարտարագետ Վարդան Խաչատրյանը, Ամերիաբանկի Լիզինգային գործառնությունների բաժնի ղեկավար Զարուհի Բոստանջյանը:

———–

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

 

Share