Բաժին. Ֆինանսական

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Solar summit 2019 կոնֆերանսը

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Հավատարիմ մնալով շարունակական բարելավման և զարգացման իր ուղուն և կարևորելով վերականգնվող էներգետիկայի զարգացման միտումները Հայաստանում` Ամերիաբանկը կազմակերպեց արևային լիզինգի թեմայով Solar summit 2019 կոնֆերանսն՝ իր կորպորատիվ հաճախորդների և պոտենցիալ հաճախորդների համար:

Կոնֆերանսին մասնակցում էին Ամերիաբանկի Կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (EBRD) Հայաստանում Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) խորհրդատու կառույցի ներկայացուցիչները, մատակարար ընկերություններ և պետության ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։ Նա ընդգծեց, որ հանդիպման առանցքային նպատակն է քննարկել արևային էներգետիկայի ոլորտում արձանագրված զարգացումները, արևային էներգիայի օգտագործման առավելությունները, արևային էլեկտրակայանների առանձնահատկությունները, ֆինանսավորման արդյունավետ սխեմաները, առկա փորձը և համաշխարհային նոր տենդենցները, ինչպես նաև տեղում ստանալ ամբողջական խորհրդատվություն արևային էներգիայի օգտագործման ողջ գործընթացի վերաբերյալ:

Լրագրողների հետ հարցազրույցում Հայաստանում Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) տնօրենի տեղակալ Անդրո Բուտկհուզին։ Նա շեշտեց, որ ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման Եվրոպական բանկի (EBRD) կողմից, և դրա նպատակն է աջակցել այն իրավաբանական անձանց, որոնք ներդրումներ են ցանկանում կատարել կանաչ տեխնոլոգիաներում։ Բուտկհուզիի խոսքերով՝ Հայաստանում այս ոլորտում նշանակալի տենդենցներ են նկատվում, և կա ընդգծված պահանջարկ․ բիզնեսմեններին հետաքրքրում են ներդրումները վերականգնվող էներգետիկայում, ինչպիսին արևային էներգետիկան է։ Ծրագիրը նախատեսված է 3-4 տարվա համար, իսկ ֆոնդի մեծությունը միայն Հայաստանում կազմում է 20 մլն դոլար։

Ելույթ ունեցավ GEFF-ի գործընկեր-ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների մենեջեր Միխայիլ Գևորգյանը։ GEFF-ը Հայաստանում իր գործունեությունը իրականացնում է գործընկեր ֆինանսական կառույցներին տրվող վարկային գծերի միջոցով։ Գևորգյանը նշեց, որ ծրագիրը ակտիվ գործունեություն ծավալում 24 երկրներում գործող 130 ֆինանսական կառույցների հետ համատեղ։ Ներկա պահի դրությամբ, ծրագրի ներդրումային պորտֆելը կազմում է 4 մլրդ եվրո։ Այն ֆինանսավորել է 120,000 ներդրումային նախագծեր էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի ոլորտներում, որոնց արդյունքում խնայվել է տարեկան մոտ 7 մլրդ տոննա ածխաթթու գազի արտանետում։

«Արևային լիզինգ» կոչվող ծրագրին, որը մեկնարկել է 6 ամիս առաջ, միացել են ավելի քան 30 կազմակերպություններ, իսկ ծրագրի պորտֆելը կազմում է մոտ 3 մլրդ դրամ։ Ամերիաբանկի կողմից առաջարկվող արևային լիզինգը ընձեռում է հետևյալ հնարավորությունները.

GEFF-ի հետ ունեցած համագործակցության շրջանակներում լիզինգի մայր գումարի 20%-ի փոխանցում /CASHBACK/ հաճախորդի հաշվին և ստացված միջոցների տնօրինում հաճախորդի հայեցողությամբ

– ֆինանսավորում առանց գրավի

– համագործակցության լայն շրջանակ շուկայի լավագույն մատակարարների հետ

– լիզինգին զուգահեռ այլ ֆինանսական գործիքների օգտագործում

– սերտ համագործակցություն միջազգային ֆոնդերի հետ:

Հանդիպումը եզրափակվեց պանելային քննարկմամբ, որին մասնակցեցին ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականություններ կատարող Հակոբ Վարդանյանը, «Շտիգեն» ՍՊԸ հիմնադիր Հայկ Շեկյանը, GEFF-ի տեխնիկական խորհրդատու/ճարտարագետ Վարդան Խաչատրյանը, Ամերիաբանկի Լիզինգային գործառնությունների բաժնի ղեկավար Զարուհի Բոստանջյանը:

Share