Բաժին. Ֆինանսական

ԲՀԿ-ն Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունները չի համարում արմատական

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Հարկային օրենսգրքի փոփոխությունների առաջարկվող փաթեթում արմատական փոփոխություններ չի տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Կոնցեպտուալ առումով պետք է ասենք, որ սա Հարկային օրենսգրքի արմատական փոփոխություններ չենք համարում: Քաղաքական մեծամասնության որոշ ներկայացուցիչներ ասում են, որ հաջորդ փուլում կսպասվեն ավելի արմատական փոփոխություններ: Սա ներդրումների, ներդրողների և բիզնեսի համար շատ խոցելի է»,-ասաց Մելքումյանը:

Անդրադառնալով  նախագծով առաջարկվող եկամտահարկի համահարթեցմանը՝ Միքայել Մելքումյանը նշեց, որ դրա արդյունքում ավելի շատ եկամուտ ունեցողներն ավելի շատ են խնայելու: Պատգամավորը շեշտեց՝ ինքը դեմ չէ, որ շատ վարձատրվող աշխատատեղեր լինեն, բայց բյուջեն չի ստանա այն միջոցները, որ պետք է ստանար: «Դրա համար ակցիզային հարկով հարկվելու են տարբեր ապրանքատեսակներ, որը բերելու է սպառման կրճատման»,-նշեց Մելքումյանն ու հավելեց իհարկե, պետք է տեսնել, թե ակցիզային հարկը որ ապրանքատեսակների վրա է կիրառվելու:

Նա նշեց, որ հանձնաժողովի նիստերին թեև չի մասնակցել, սակայն իր առաջարկները ներկայացրել է: Սակայն կարծում է, որ խնդիրը համակարգային մոտեցման մեջ է:

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն:  ԱԺ լիագումար նիստում նախագիծը կքննարկվի հունիսի առաջին տասնօրյակում:

Share