Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. մեկնարկել են տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրմանն ուղղված աշխատանքները

Հարկ վճարողների հետ քննարկվել են գործընթացի իրագործմանն առնչվող հարցեր

2020 թվականի հունվարի 1-ից գործելու են ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված տրանսֆերային գնագոյացման կարգավորումները։ Այս կապակցությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել են տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառումն ապահովող աշխատանքները: Մասնավորապես, ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, ծրագրերի և ոլորտի փորձագետների հետ համատեղ մշակվել են մի շարք իրավական ակտերի նախագծեր, որոնք առաջիկայում կներկայացվեն շահագրգիռ կողմերի քննարկմանը։ Մասնավորապես, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի (Good Governance Fund) «Աջակցություն հարկային համապատասխանության բարելավմանը» ծրագրի շրջանակում արդեն իսկ մշակվել են տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառման, պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման, ինչպես նաև փոխհամաձայնեցման ընթացակարգի իրականացման կարգերը։ Նախագծերի վերաբերյալ մասնագիտական դիրքորոշում են ներկայացրել նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ինչպես նաև «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում Իտալիայի եկամուտների գործակալության՝ տրանսֆերային գնագոյացման գծով փորձագետները։ 

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառումն ապահովող աշխատանքների գործընթացում կարևորվում են նաև հարկ վճարողների անմիջական մասնակցությունը և դիտարկումները։ Այդ նպատակով Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ և «Աջակցություն հարկային համապատասխանության բարելավմանը» ծրագրի շրջանակում մի շարք հարկ վճարողների հետ պարբերաբար կազմակերպվում են աշխատանքային հանդիպումներ՝ քննարկելու տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրմամբ պայմանավորված հնարավոր խնդիրները, առաջարկվող լուծումները և այլն։ Շարունակական հանդիպումների նպատակն է՝ սահուն և արդյունավետ կազմակերպել տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրումը։

Share