Բաժին. Ֆինանսական

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը վերաբերի ավելի շատ մարդկանց, քան արդեն հայտարարված 80 հազարը

Հայաստանում նվազագույն աշխատավարձը պետք է լինի այն մակարդակի վրա, որում գտնվում է սպառողական զամբյուղի արժեքը: Այլապես դրա գոյությունն անիմաստ է դառնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Երևանում անցկացվող քննարկմանը նշեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը, ով նվազագույն աշխատավարձը 55 հազարից 63 հազար դրամ դարձնելու առաջարկ ներկայացնողներից մեկն է:

«Թե չէ ստացվում է, որ մարդուն կենսապահովման նվազագույն պայմաններն ապահովելու համար անհրաժեշտ է «իքս» գումար, ու մենք որպես նվազագույն աշխատավարձ տալիս ենք դրանից ցածր: Դա ճիշտ չէ»,- ասաց Բաբկեն Թունյանը:

Նա նշեց, որ նվազագույն աշխատավարձը 63 հազար դարձնելու հարցի հետ կապված Ազգային ժողովում կա կոնսենսուս: Ինչ վերաբերում է կառավարության՝ նվազագույն աշխատավարձը 68 հազար դարձնելու առաջարկին, ապա դա կքննարկվի:

«Ինչու ենք մենք 68 հազար դրամին մի քիչ կասկածով վերաբերվում, որովհետև դա ավտոմատ բերելու է բազային աշխատավարձերի բարձրացման, դրա հետ կապված բարձրանալու է պետական պաշտոնյաների աշխատավարձերը: Գիտեք, այդտեղ սանդղակներ կան, օրինակ, պատգամավորը ստանում է բազային աշխատավարձի տասնապատիկը»,-ասաց պատգամավորը: Նրա խոսքով, եթե կառավարությունը մեխանիզմ առաջարկի, որ բազային աշխատավարձը մնա անփոփոխ, ինչպես նաև ներկայացնի դրա հարկաբյուջետային ռիսկերն ու գործատուների վրա ազդեցությունը, ապա պատգամավորները հաճույքով կընդունեն 68 հազար դրամը:

Բաբկեն Թունյանը նշեց, որ իրականում աշխատավարձի բարձրացումն ավելի շատ մարդու է առնչվում, քան նշվում է այդ 80 հազարը (նվազագույն աշխատավարձի բարձրացումը պետական ոլորտում կվերաբերի շուրջ 35 հազար մարդու, իսկ մասնավոր ոլորտում՝ շուրջ 45 հազար), որովհետև, օրինակ, 60 հազար ստացող մարդու աշխատավարձը ևս պետք է դառնա 68 հազար: 

Share