Բաժին. Ֆինանսական

168 Ժամ. Ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը

Կենտրոնական բանկը (ԿԲ) չափազանց լա­վատես է Հայաստանի տնտեսության նկատմամբ: Նույնիսկ ավելի լավատես, քան կարող է իրեն թույլ տալ կառավարությունը: Ինչպես հայտնի է, կառավարության սպասե­լիքներն այս տարվա տնտեսական աճի վերա­բերյալ 5 տոկոսի սահմաններում են: Մինչդեռ Կենտրոնական բանկը սպասում է անհամե­մատ ավելի բարձր՝ ընդհուպ մինչև 7,4 տոկոս աճ: Վերջին ամիսներին տնտեսության մեջ տե­ղի ունեցող գործընթացները կամ պաշտոնա­կան վիճակագրության արձանագրած ցուցանիշները, հավանաբար, այնքան են ոգևորել ԿԲ-ին, որ այն բավական կտրուկ վերանայել է տն­տեսական աճի նախորդ կանխատեսումը: Ընդամենը մի քանի ամիս առաջ Կենտրոնա­կան դրամատունը Հայաստանում սպասում էր ՀՆԱ 4,6-6,1 տոկոս ավելացում: Վերջին վերա­նայումից հետո այս տարվա համար կանխա­տեսվել է 5,9-7,4 տոկոս տնտեսական աճ: Տարօրինակ է, որ Կենտրոնական բանկը նույնպիսի լավատեսություն չունի Հայաստա­նի տնտեսության միջնաժամկետ հեռանկար­ների առումով: Կանխատեսումները հիմնակա­նում մնացել են անփոփոխ:

Ընդամենը երեք ամսվա տարբերությամբ՝ ԿԲ-ն 1,3 տոկոսով ավելացրել է այս տարվա տնտեսական աճի ինչպես նվազագույն, այն­պես էլ՝ առավելագույն ակնկալիքը: Առաջին եռամսյակի գնաճի հաշվետվության մեջ սպա­սելիքները տատանվում էին 4,6-6,1 տոկոսի մի­ջակայքում:

Իհարկե, այս ցուցանիշները հազիվ թե վերջ­նական լինեն: Դրանք, հավանաբար, դեռ շատ կփոխվեն, բայց ի՞նչն է այստեղ հետաքրքիր, այդպիսի կարճ ժամանակահատվածի կտր­վածքով սովորաբար նման կտրուկ վերանա­յումներ չեն արվում: Դա նշանակում է, որ կամ նախորդ կանխատեսումը բավարար հիմնա­վորված չի եղել, կամ տնտեսության մեջ վեր­ջին երեք ամիսներին նույնքան կտրուկ փոփո­խություններ են տեղի ունեցել:

Կտրուկ փոփոխություններ տնտեսության մեջ, իհարկե, չկան կամ դրանք առնվազն տե­սանելի չեն, բացի այն, որ պաշտոնական վի­ճակագրությամբ տնտեսությունը բարձր տեմ­պերով առաջ է գնում: Ըստ էության, դրա վրա էլ հիմնվել է Կենտրոնական բանկը՝ կառուցելով ապագա կանխատեսումները:

«2019թ. առաջին եռամսյակում դիտարկված բարձր տնտեսական ակտիվության պարագա­յում տնտեսական աճը գերազանցել է սպաս­ված ցուցանիշը՝ կազմելով 7,1 տոկոս, որին շարունակում է գերակշռող նպաստում ունե­նալ մասնավոր սպառման բարձր աճը: Գնա­հատվում է, որ կարճաժամկետ հատվածում այդ միտումները կպահպանվեն, ինչի ներքո 2019թ. տնտեսական աճի կանխատեսումը վե­րանայվել է դեպի վերև՝ գտնվելով 5,9-7,4 տո­կոս միջակայքում, իսկ միջնաժամկետում այն կմոտենա իր երկարաժամկետ հավասարակ­շիռ մակարդակին»,- ասվում է երկրորդ եռամս­յակի գնաճի հաշվետվության մեջ:

Պաշտոնական տվյալներով տարեսկզբին Հայաստանի տնտեսությունն իսկապես ակտի­վորեն աճել է: Առաջին եռամսյակում գրանցվել է 7,1 տոկոս տնտեսական աճ, իսկ հինգ ամիս­ների տնտեսական ակտիվությունը հասել է 7,3 տոկոսի: Ոչինչ, որ այս ցուցանիշների հիմքում ընկած է հիմնականում ծառայությունների և առևտրի ոլորտների աճը, որտեղ արձանագր­վող դրսևորումներն իրականում շատ քիչ կապ ունեն տնտեսության զարգացումների և ստեղծվող հավելյալ արդյունքի հետ:

Առաջին եռամսյակի 7,1 տոկոսն իսկապես վատ տնտեսական աճ չէ, բայց դրա գրեթե 6 տոկոսը բաժին է ընկնել ծառայություններին և առևտրին: Փոխարենը արդյունաբերության և էներգետիկայի մասնակցությունը տնտեսա­կան այդ աճի գործում եղել է ընդամենը 0,1, իսկ շինարարությանը՝ 0,3 տոկոս: Գյուղատնտե­սությունը նույնիսկ բացասական նպաստ է բե­րել տնտեսական աճին: Այնպես չէ, որ իրավիճակը շատ է փոխվել առաջին եռամսյակից հետո: Առաջվա նման տնտեսական աճի գործում գերակշռող է ծա­ռայությունների ոլորտը՝ իր շահումով խաղե­րով ու զվարճանքներով:

Պաշտոնական տվյալներով որոշ տեղաշ­արժ կա արդյունաբերության ոլորտում: Բայց տնտեսության այս հատվածի զարգացումները դեռևս հեռու են բավարար լինելուց: Առավել ևս, որ արձանագրվող բարելավումները կապված են ոչ այնքան իրական զարգացումների, որ­քան նախորդ տարվա ցածր բազային ցուցանիշների հետ:

Ահա այսպիսին է Հայաստանի տնտեսության աճի կառուցվածքը: Հազիվ թե կարելի է կար­ծել, որ այն էական փոփոխություն կկրի առա­ջիկայում: Պատահական չէ, որ Կենտրոնական բանկը տնտեսության վերանայված աճի հույսերը շարունակում է կապել հիմնականում ծառայությունների հետ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168 Ժամի այսօրվա համարում:

Share