ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի մասով տնօրեն Ջիհադ Ազուրի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ ԿԲ նախագահը գոհունակությամբ նշել է, որ ԱՄՀ և ՀՀ միջև գործակցությունը միշտ արդյունավետ և կարևոր է եղել: ԱՄՀ համընդգրկուն ֆինանսական և տեխնիկական աջակցության ծրագրերն էական ազդեցություն են ունեցել Հայաստանում մակրոտնտեսական կայունության ապահովման և իրականացվող տնտեսական քաղաքականության հանդեպ վստահության կառուցման գործում: Արթուր Ջավադյանը նաև բարձր է գնահատել ԱՄՀ դերը Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները օտարերկրյա ներդրողներին և գործընկերներին անաչառ ներկայացնելու առումով: ԿԲ նախագահը հիշատակել է 2019 թ. մայիսին ԱՄՀ խորհրդի կողմից Հայաստանին 36 ամիս ժամկետով «Սթենդ‐Բայ» տեսակի վարկային միջոցների տրամադրման հաստատման փաստը, որը երկրում մակրոտնտեսական կայունության և համակարգային բարեփոխումների շարունակականության եզակի խարիսխներից մեկն է: Նա նշել է նաև Հայաստանի մասով Ֆինանսական հատվածի գնահատման ծրագրի (FSAP) ամբողջական վերանայման գործում ԱՄՀ ներդրած ջանքերի մասին՝ հատուկ շեշտելով, որ զեկույցում արտացոլված ֆինանսական հատվածի զարգացման առաջնահերթությունների վերլուծության դրույթները գործուն դեր են խաղում Հայաստանում ֆինանսական կայունության պահպանման համար, և ներառված են ԿԲ աշխատանքային օրակարգում: Արթուր Ջավադյանը հակիրճ ներկայացրել է տնտեսական աճի, դրամավարկային քաղաքականության, ֆինանսական կայունության մասով առկա զարգացումները, Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, պատասխանել հյուրերի հարցերին: