Բաժին. Ֆինանսական

Կոնվերս Բանկը «սպորտային» անակնկալ է մատուցել Գյումրիի բնակիչներին

Գյումրիում տեղի ունեցավ Կոնվերս Բանկի աջակցությամբ կառուցված հերթական պրոֆեսիոնալ մարզահրապարակի բացման արարողությունը, որին մասնակցում էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը, Կոնվերս Բանկի ներկայացուցիչներ, հյուրեր:

«Սա Գյումրիում բացված առաջին պրոֆեսիոնալ մարզահրապարակն է, որը մեր համաքաղաքացիներին հնարավորություն կընձեռի մարզվել միջազգային չափորոշիչներին համապատասխան պայմաններում: Վստահ եմ նաև, որ այն կդառնա գյումրեցի փոքրիկների ժամանցի նախընտրելի վայրերից մեկը»,- իր խոսքում ասել է Գյումրիի փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը:

«Ողջունելի է, որ բանկը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տիրույթում այսպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել, որը կնպաստի առողջ ապրելակերպին ու մասսայական սպորտի զարգացմանը: Նման նախագծերի իրականացումը գործընկեր համայնքների նկատմամբ տնտեսվարողների հոգածու վերաբերմունքի լավագույն դրսևորումներից է»,- ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Նշվել է, որ նախորդ տարի՝ մեկ այլ ծրագրի շրջանակում, Կոնվերս Բանկը աջակցել է Գյումրու երկու դպրոցում համակարգչային սենյակների ստեղծմանը, տեխնիկապես համալրմանը, իսկ դպրոցներից մեկում՝ նաև համակարգչային սենյակի նորոգմանը:

«Առաջիկայում՝ Նոր Հաճնում նման մարզահրապարակի բացմամբ մենք  ավարտին կհասցնենք Հայաստանում և Արցախում 5 պրոֆեսիոնալ մարզահրապարակների կառուցման նախագիծը: Դրանք, գործարկման առաջին տարվա ընթացքում սպասարկելու է նախագծի մեր գործընկեր StreetWorkout հայաստանյան ֆեդերացիան, այնուհետև մարզահրապարակները անցնելու են համապատասխան համայնքների՝ Երևան, Շուշի, Գյումրի, Մեծամոր և Նոր Հաճն, հաշվեկշիռ»,- ասել է Կոնվերս Բանկի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արթուր Նահապետյանը:

Նշենք, որ Շիրակի մարզում Կոնվերս Բանկը ներկայացած է երեք մասնաճյուղով՝ «Գյումրի», «Կումայրի»և  «Շիրակ»: Այս տարվա սեպտեմբերի մեկի դրությամբ, դրանց վարկային պորտֆելը կազմել է 5.8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 28 տոկոսով: Միաժամանակ, Բանկը Շիրակի մարզում գյուղատնտեսության, զբոսաշրջության, զբոսաշրջային ենթակառույցների, սռևտրի և սպասարկման զանցի ընդլայնման և զարգացման նպատակով  նախորդ տարի մշակել և ներդրել է«Գյումրի» և«Գյումրի ագրո» վարկատեսակները:

Share