Բաժին. Ֆինանսական

Ամերիաբանկ․ Նորաբաց «Էջմիածին» մասնաճյուղը նոր հաճախորդներին արտոնյալ պայմաններ է առաջարկում

Ամերիաբանկն ընդլայնում է մարզային ցանցը։ Մարզային ութերորդ մասնաճյուղն այսօր բացվեց Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի 69/51 հասցեում։ Մասնաճյուղի բացմանը մասնակցում էին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«Ցանկացած ընկերության նորամուտ մեր քաղաքում միշտ շարժ է առաջացնում՝ նոր աշխատատեղերի առումով, ուստի մեզ համար ողջունելի է։ Գիտեմ, որ Ամերիաբանկն էջմիածնեցի շատ հաճախորդներ ունի։ Այլևս նրանք ստիպված չեն լինի բանկի ծառայություններից օգտվելու համար Երևան հասնել և իրենց գործարքները կարող են անել բանկի «Էջմիածին» մասնաճյուղում։ Որպես համայնքի ղեկավար՝ ինձ հետաքրքիր են բանկերի սոցիալական պատասխանատվության փաթեթները։ Այսօր «ոտքի վրա» պայմանավորվեցի բանկի կառավարչի հետ, որ փոքր նախագծերի միջոցով փորձի օգտագար լինել համայնքին, որտեղ գործունեություն է ծավալում», – ասում է քաղաքապետն ու հավելում՝ իրեն հատկապես հետաքրքիր են սպառողական վարկերի պայմանները․ էջմիածնեցիները հիմնականում վարկավորման այս տեսակից են օգտվում։ Դիանա Գասպարյանը Ամերիաբանկի աշխատակազմին խնդրել է ուշադրություն դարձնել նաև գյուղատնտեսական վարկերի պայմաններին, որպեսզի դրանք վարկառուի համար առավել շահեկան լինեն, որովհետև կառավարությունը գյուղատնտեսության զարգացմանը մեծ նշանակություն է տալիս։

Ամերիաբանկի մուտքն Արմավիրի մարզ ողջունում է նաև մարզպետը։ Համարձում Մաթևոսյանը հատկապես ուրախ է, որ պետական համաֆինանսավորմամբ սուբսիդավորվող վարկերի մասով բանկի հետ համագործակցություն կլինի։ Նախնական պայմանավորվածություններ կան նաև սոցիալական ծրագրեր իրականացնելու մասով։ Բայց մինչ այդ շեշտադրված են գյուղվարկերը։

«Էջմիածինը հայտնի է իր ջերմոցային տնտեսություններով։ Այստեղ կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի ֆինանսավորման առումով ֆինանսավորման խնդիր կա։ Այնպես որ, գյուղատնտեսական վարկերը շատ կարևոր են»։

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանն ի լրումս պաշտոնյաների խոսքի նկատում է՝ մարզերում իրենց գործունեությանը մեծ տեղ են տալիս։ «Էջմիածին» մասնաճյուղի բացումը բանկի մարզային ներկայացվածության հերթական քայլն է։

«Մեր բոլոր մասնաճյուղերն ունիվերսալ են․ առաջարկում են մեր բոլոր ծառայությունները։ Ունենք նաև հատուկ նախատեսված արշավ Էջմիածնում՝ առավել գրավիչ պայմաններով։ Սպասարկման որակը ևս մեկ նիշով բարձրացնելու օրինակ է սա։ Ամերիաբանկը գրեթե միշտ հանդես է գալիս նորարարությամբ։ Անցած տարի մենք առաջինն էինք, որ գործի դրեց ֆիզիկական անձանց թվային վարկավորման համակարգը, այնուհետև բիզնեսի թվային վարկավորումը։ Այսինքն թե ֆիզիկական, թե իրավաբանական անձինք կարող են վարկ ձևակերպել՝ առանց մասնաճյուղ հաճախելու։ Առաջիկայում բիզնեսի վարկավորումն ամբողջությամբ տեղափոխելու ենք թվային համակարգ, որպեսզի թղթաբանական քաշքշուկից ազատենք գործարարներին», – ասում է Բարսեղյանն ու վստահեցնում՝ սա ժամանակի հրամայականը կրող նորարարություն է հայստանյան թվային բանկինգում, բայց նաև երաշխավորում է՝ ամեն ինչ անելու են, որ բանկի յուրաքանչյուր հաճախորդ գոհ լինի առաջարկվող ծառայությունների պայմաններից, ժամանակ չկորցնի և նյարդեր չգրգռի հերթերում։

Իդեպ, Ամերիաբանկի «Էջմիածին» մասնաճյուղն արտոնյալ պայմաններով ծառայություններ  է առաջարկում այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ՝ մինչև 2020թ․ հունվարի 31-ը բացելով հաշիվ «Էջմիածին» մասնաճյուղում։ Արմերիաբանկի աշխատակիցները խոստանում են՝ մասնաճյուղն իր տեխնիկական հագեցվածությամբ, պրոֆեսիոնալ աշխատակազմի միջոցով կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկմանն ուղղված բոլոր պայմանները։

Share