Բաժին. Ֆինանսական

ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանը:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներում որպես ենթակապալառու ներգրավված «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Միջնորդությունը մերժվել էր, և Գուրգեն Սարգսյանն ազատ էր արձակվել գրավի դիմաց:

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից որոշում է կայացվել՝ դատախազության բողոքը բավարարելու և Գուրգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Share