Բաժին. Ֆինանսական

Ատոմ Ջանջուղազյան. Բյուջեի նախագծում կանխատեսված է տնտեսական աճի 4.9% ցուցանիշը, որը թույլ է տալիս ունենալ կառավարելի ռիսկեր

Հայաստանում 2020-ին բյուջեի նախագծով նախատեսվում է ունենալ 4.9 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, ինչը թույլ կտա ունենալ կառավարելի ռիսկեր: Հարկային եկամուտները հաջորդ տարի կլինեն 0.3 տոկոսով ավելի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներին հայտեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Նախագծում կանխատեսված է տնտեսական աճի 4.9 տոկոս ցուցանիշը, որը թույլ է տալիս ունենալ կառավարելի ռիսկեր` արդեն դրա հիման վրա ձևավորված բյուջետային շրջանակի տեսանկյունից: Համարվում է, որ տնտեսական աճի ամենաբարձր հավանականությունը հենց այս ցուցանիշներին է բաժին ընկնում: Գնահատվում է, որ կարող է լինել ինչպես համեմատաբար ավելի ցածր ցուցանիշ, եթե արտաքին ազդակները լինեն բացասական, այնպես էլ բարձր: Այսինքն` տնտեսական աճը կարող է լինել նաև, օրինակ, 6-8 տոկոսի միջակայքում, սակայն ավելի քիչ հավանականությամբ, քան 4.9 տոկոսը»,-ասաց Ջանջուղազյանը:

2020-ին հարկային եկամուտների մասով կանխատեսվում է 1 տրլն 602 մլն դրամի չափ մուտք, որը 0.3 տոկոսային կետով բարելավում է: Եվ ըստ էության այս տարի սպասվող 1 տրլն 464 մլրդ դրամ հարկային եկամուտների փոխարեն ակնկալվում է, որ եկող տարի կունենանք ավելի բարձր հարկային եկամուտներ: Ընթացիկ ծախսերը ենթադրվում է, որ մի փոքր կնվազեն այս տարվա սպասվող մեծության համեմատությամբ: Սպասվում է, որ այս տարվա 21.7 տոկոս ընթացիկ ծախսեր-ՀՆԱ հարաբերակցության փոխարեն կլինի 21.5 տոկոս: Ենթադրվում է, որ 2020-ին կունենանք պակասուրդի 2.6 տոկոս ցուցանիշ:

Share