Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկի վարչական ծախսերը կաճեն 1.3%

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչական ծախսերի համար 2020 թվականի բյուջեով նախատեսվել է 7 մլրդ 322 մլն դրամ` 1.3 տոկոսով ավելի, քան 2019-ի նախահաշիվը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի  նախնական քննարկմանն այս մասին հայտնեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

«ԿԲ-ի համար 2020 թվականի վարչական ծախսերի նախահաշիվը պլանավորվել է 7 մլրդ 322 մլն դրամ, որը 2019-ի նախահաշվի նկատմամբ 1.3 տոկոսի աճ է նախատեսում: Աճը հիմնականում պայմանավորված է ապարատի պահպանման ծախսերի 1.5 տոկոս աճով: 2020-ին պլանավորել ենք 7 մլրդ 114 մլն դրամ: Ապարատի պահպանման ծախսերի աճը պայմանավորված է  աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների հոդվածի 1.9 տոկոսի աճով, որի հիմքում ընկած է աշխատավարձի բնականոն աճը»,-ասաց Ջավադյանը:

Նա նշեց` իրենք աշխատավարձ չեն բարձրացրել արդեն մոտ 5-6 տարի, խոսքը գնում է միայն  բնականոն աճի մասին, որը կապված է ստաժ և այլ ցուցիչների հետ:

Ջավադյանը նշեց` բանկային համակարգի միջին աշխատավարձի աճը նույն ժամանակահատվածի համար գնահատվել է 8 տոկոս: «ԿԲ-ի աշխատակիցների աշխատավարձի միջինը պետք է համապատասխանի  բանկային համակարգի աշխատավարձերի միջինին, սակայն այդ առումով մենք հետ ենք», – ասաց Ջավադյանը:

Share