Բաժին. Ֆինանսական

Տարածքային համաչափ զարգացման խնդիրն այս բյուջեով այդպես էլ մնում է չլուծված

Լուսավոր Հայաստան կուսակցության և ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության մամուլի խոսնակ Արեն Պետունցն անդրադարձել է ՀՀ տարածքային համաչափ զարգացման խնդրին՝ 2020թ. պետաական բյուջեի համատեքստում։

ՀՀ 2020թ․ պետական բյուջեի նախագծով համաչափ տարածքային զարգացման տրամաբանություն չկա և այն շարունակում է նախկին կառավարման տարիների իներցիան։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից բազմիցս բարձրաձայնված տարածքային համաչափ զարգացման խնդիրն այս բյուջեով այդպես էլ մնում է չլուծված, ինչպես որ արմատական վերափոխման չի ենթարկվում այս ոլորտում կառավարության քաղաքականությունը։

Դրա հետևանքով Հայաստանը շարունակում է մնալ մայրաքաղաք-պետություն կամ շերեփուկ, որի անհամաչափ մեծ գլուխը Երևանն է, իսկ փոքրիկ մասը միայն՝ մարզերը։ Դրանք շարունակում են մնալ մոռացված, ամեն բանը դեռևս կենտրոնացած է մայրաքաղաքում, այդպիսով՝ էական դրական փոփոխություններ մարզային համայնքներում տեղի չեն ունենում։ Այդտեղից աշխատանքի, որակյալ կրթության, առողջապահական և այլ նպատակներով՝ բնակիչները տեղափոխվում են Երևան կամ առհասարակ արտագաղթում են։

Մարզային դպրոցների, պոլիկլինիկաների և այլ հաստատությունների խիստ թերի ֆինանսավորումը՝ մայրաքաղաքի համեմատ, բերելու է այս իրավիճակի միայն խորացման, ինչի դեմն առնելու ժամանակը որքան երկարաձգենք, այնքան ավելի բարդ է լինելու լուծումը։

Քանի դեռ կյանքի որակը մարզերում իջնում է, մայրաքաղաքն էլ շարունակաբար գերբեռնվում է, և այս հանգամանքներից յուրաքանչյուրն իր հետ բերում է համապատասխան բացասական հետևանքները։

«Լուսավոր Հայաստան»-ի թվով 151 առաջարկությունների ընդունման արդյունքում կից ներկայացված ՀՀ համայնքներին և Երևան քաղաքին տրամադրվող դոտացիաների սարսափելի անարդար անհամաչափ բաշխումը կարող է վերափոխվել:

 

Share