Բաժին. Ֆինանսական

Ժողովուրդ. 2021թ. շքեղ առանձնատների գույքահարկը 8 անգամ կբարձրանա

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ 2021 թ. շքեղ առանձնատների գույքահարկը 8 անգամ կբարձրանա: Կադաստրի պետական կոմիտեի նախագահի ԺՊ Արամ Կարախանյանը «Ժողովուրդ» օրա­թերթի հետ բացառիկ զրույցում տեղեկացրել է նաև, որ քաղաքացիների համար, որոնք, օրինակ, 1-2 սենյականոց բնակարաններում են ապրում, ավելացումն աննշան կլինի:

«ԱԺ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ոչ թե գույքա­հարկի մասին իրավական ակտ, այլ կադաստրային արժեքը շուկայականին մոտարկելու մասին օրենքը»,- ասել է Կարախանյանը՝ պարզաբանելով, որ կադաստրային արժեքի հիման վրա է հաշվարկվելու և Հարկային օրենսգր­քով սահմանվելու գույքահարկի դրույքաչափը:

«Ժողովուրդ» օրաթերթի դիտարկմանը, որ կարծիք կա, թե գույքա­հարկը բարձրացնելով՝ գործադիրը մտադիր է պետբյուջե փող բերել, Կարախանյանն արձագանքել է, թե եկամտա­յին հարկը համահավասարեցումից հետո նվազեց և «էապես ավելի պետք է բարձրանա շուկայական ավելի բարձր արժեք ունեցող առանձնատները, նորակառույց գույքի հարկը, և դրանով փակվի այդ բացը, այսինքն՝ եկամտային հարկի պակաս գումարը կոմպենսացվի արդեն բարձրարժեք գույքի գույքահարկի հաշվին», – գրում է Ժողովուրդ օրաթերթը։

Share