Բաժին. Ֆինանսական

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի և Տավուշի մարզպետարանի համագործակցության արդյունքում տեղի ունեցավ Սևքարի դպրոցի այգու բացում և բիզնես ֆորում

Նոյեմբերի 25-ին Տավուշի մարզի Սևքար համայնքում տեղի ունեցավ միջնակարգ դպրոցին հարակից մրգատու այգու բացումը, որը հիմնվել էր ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հովանավորությամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ, Բանկի, մարզպետարանի, Սևքարի համայնքապետարանի աշխատակիցների, դպրոցի աշակերտների, ինչպես նաև համայնքի բնակիչների կողմից: Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը, ովքեր նույնպես այգում տնկեցին ծառեր և իրականացրին տեղադրված հուշատախտակի բացում:

«Շնորհակալ ենք Արմսվիսբանկին այս գեղեցիկ նախաձեռնության համար: Սա մի յուրահատուկ երթի սկիզբ է, և մենք պետք է այնպես անենք, որ հաջորդ տարվա վերջին մարզային բոլոր դպրոցներն ունենան նմանատիպ այգիներ, քանի որ դպրոցն ամենահամայնքային կառույցն է և թելերով կապված է համայնքի բոլոր ընտանիքների հետ: Իսկ այգի հիմնելն ու խնամելը հոգատարություն է և մշակույթ, ինչը պիտի սերմանվի դպրոցական տարիքից:»,- հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Շնորհավորում եմ բոլորիս այսօրվա կապակցությամբ: Իրական շնորհակալությունը Բանկին և այգու հիմնման համար ջանքեր գործադրած մարդկանց կլինի այն, որ որոշ ժամանակ անց այցելելով այստեղ կտեսնենք խնամված, բարեկարգ և իր նպատակին ծառայող այգի: Գնահատելով մյուս դպրոցների հարակից տարածքներում նոր այգիներ հիմնելու Ձեր վճռականությունը` մենք անմասն չենք մնա մարզպետարանի հետագա նմանատիպ նախաձեռնություններից, և նույնպես ներգրավված կլինենք հաջորդ տարում առնվազն մեկ դպրոցին հարակից այգու հիմնման աշխատանքներին:»,- հայտնեց ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը:

Շնորհակալական խոսք ասեց նաև դպրոցի տնօրեն Նաիրա Թանանյանը. «Հուսով եմ, որ այս այգու շնորհիվ երեխաների մոտ կմեծանա սերը դեպի հողը և գյուղատնտեսական աշխատանքը: Բացի այդ, շնորհակալ ենք Արմսվիսբանկին դպրոցին արևային ջրատաքացուցիչ նվիրաբերելու համար, ինչն այսուհետ մեր երեխաներին կապահովի անվճար տաք ջուր»:

Այգու բացումից հետո Ապագա Ռեզորթում անցկացվեց Բիզնես Ֆորում, որին մասնակցեցին Տավուշի մարզպետը, Բանկի տնօրենը, ներկայացուցիչներ մարզից և Բանկից, մարզի բիզնեսների ներկայացուցիչներ, ներդրողներ:

Ֆորումի ընթացքում Բանկի ներկայացուցիչները ներկաներին ծանոթացրեցին Բանկի անցած ուղու, առաջարկվող պրոդուկտների, աշխատանքային գործընթացների հետ, տեղի ունեցան քննարկումներ, ծանոթություններ:

Այս միջոցառումը կարելի է համարել մասնավոր և պետական հատվածների համագործակցության լավագույն փորձ:

Share