Բաժին. Ֆինանսական

Աջ ղեկով մեքենաների ղեկային համակարգը կփոխարինվի Հայաստանում

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է «Վերամշակում ներքին սպառման համա» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը լրացնել «թեթև մարդատար ավտոմոբիլների» տողով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանը նշել է, որ նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան ու իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգով: Այնուհետեւ մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում ու ազատ շահագործել ՀՀ տարածքում:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ ընդհանրապես արգելվել էր աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը: Արդյունքում՝ բազմաթիվ քաղաքացիներ Վրաստանի տարածքում են փոխարինել աջակողմյան ղեկային համակարգը ձախակողմյանի:

«Այդ քաղաքացիները ստիպված շատ են մեծ գումար ծախսել Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Հիմա մենք այդ խնդիրը լուծում ենք հետևյալ կերպ. աջակողմյան ղեկով մեքենաներն արգելվում է ներկրել Հայաստանի Հանրապետություն, բայց ժամանակավոր ներկրման ռեժիմով կարող են բերել, ղեկային դիրքը փոխել, որից հետո մեքենան հաշվառվի ու թույլատրվի շահագործել»,– նշել է կառավարության ղեկավարը`արձանագրելով, որ այդ ընթացքում հնարավորություն չեն ունենալու շահագործել, իսկ շահագործելու դեպքում տուգանքներ կլինեն: Վարչապետը նշել է, որ այս որոշմամբ կառավարությունն ընդառաջում է քաղաքացիներին ու հույս հայտնել, որ այն չի չարաշահվի:

Հարցի շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ մտքերի շահագիգիռ փոխանակություն, ներկայացվել են կարծիքներ և առաջարկություններ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վերջնական որոշում կայացնելու համար մանրամասն ուսումնասիրել հարցը՝ հաշվի առնելով բոլոր նրբությունները:

Share