Բաժին. Ֆինանսական

Պետության աջակցությամբ ներկրվել է ավելի քան 200 գլուխ ոչխար

Ոչխարաբուծության զարգացման նոր ծրագրով՝ պետության կողմից վարկի սուբսիդավորման կամ գումարի մի մասի ետվերադարձի մեխանիզմներով 2019-ին Հայաստան է ներկրվել 200-ից ավելի գլուխ կենդանի: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը:

«Մենք արդեն 2019-ին երրորդ եռամսյակում կառավարություն ներկայացրեցինք տոհմային ոչխարաբուծության զարգացման ծրագիր, որը ենթադրում է տոհմային ոչխարների ներկրում: Վարկի տոկոսի սուբսիդավորումից բացի՝ այս ծրագրով մենք ներդրեցինք նաև երկրորդ բաղադրիչը՝ գումարի մի մասի ետվերադարձի մեխանիզմը։ Այս ծրագրով ներկրվել են 200-ից ավելի տոհմային ոչխարներ»,-ասաց Գաբրիելյանը:

Փոխնախարարը նշեց՝ ներկրված կենդանիների քիչ քանակը պայմանավորված է նրանով, որ ծրագիրն ընդունվել է վերջերս՝ 2019-ի երրորդ եռամսյակում:

Կառավարությունը Հայաստանում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատել էր սեպտեմբերի 19-ին: Գործընթացն իրականացվում է երկու մեթոդով: Առաջինով արվում է տոհմային կենդանիների ներկրման նպատակով տրվող վարկերի մասնակի սուբսիդավորում: 12 տոկոսի դեպքում 10 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, այսինքն` ֆերմերը վճարում է ընդամենը 2 տոկոսը: Երկրորդ մեխանիզմով ֆերմերն իր սեփական գումարով ներմուծում է ոչխար, պետության կողմից ստանում 23 տոկոսի չափով ետվերադարձ: Սպառողական կոոպերատիվների և սահմանամերձ գյուղերի բնակիչների համար վարկը տրամադրվում է 0 տոկոս տոկոսադրույքով, իսկ գումարի ետվերադարձը՝ 27 տոկոսի չափով:

Share