Բաժին. Ֆինանսական

Փաշինյանն առաջարկում է քաղաքացիներին հնարավորություն տալ տեսաձայնագրել ՀԴՄ կտրոն չտվողին

Կառավարությունը շարունակում է ահազանգեր ստանալ, որ տնտեսավարողները շարունակում են ՀԴՄ կտրոններ չթողարկել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ մի գաղափար ենք քննարկել: Ինչպես հիմա օրենսդրական փոփոխություններ ենք անում, որ քաղաքացիների կատարած նկարահանումների հիման վրա ճանապարհային ոստիկանությունը կարող է վարչական վարույթ սկսել, ես երեկ ՊԵԿ նախագահին այդպիսի գաղափար եմ առաջարկել, որ նույն կերպ հնարավոր լինի ՀԴՄ կտրոն չթողարկելը փաստող  քաղաքացիների տեսագրության հիման վրա հարկային մարմինն իրականացնի վարչական վարույթ: Սա ճիշտ ճանապարհ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ այդտեղ խնդիր կա. ՀԴՄ կտրոն չտրամադրելու վերաբերյալ գործերը դատարանների կողմից համատարած անվավեր են ճանաչվում, քանի որ հնարավոր չի լինում ապացուցել ՀԴՄ կտրոն տալ-չտալու հարցը: «Այդ վեճը լուծելու համար մոտ 2 տարի առաջ առաջարկվել է հարկային տեսուչներին համապատասխան տեխնիկական միջոցներով զինել, որպեսզի տեսաձայնագրվի գնման փաստը, բայց բացասական եզրակացություններ են եղել ֆինանսների նախարարության կողմից: Մենք ունեինք գաղափար նույնը անելու, ՄԻԵԴ-ի տարբեր վճիռներ էինք ուսումնասիրում՝ հասկանալու համար, թե նման տեսաձայնագրումն արդյոք որևէ խախտում կենթադրի՞, թե ոչ, քանի որ որոշակի առումով անձնական կյանքի միջամտություն է ենթադրում: Բայց գտանք, որ եթե բիզնեսի մոտ է տեսանկարահանումը կատարվում, դա անձնական տվյալներին չի առնչվում: Հիմա մենք պատրաստ ենք ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության հետ այդ ճանապարհով գնալ, որ տեսուչների կողմից տեսաձայնագրում արվի»,- ասաց նախարարը:

Վարչապետը հավելեց, որ ոչ թե տեսուչի, այլ քաղաքացիների կողմից նման տեսանկարահանում կատարվի: Ռուստամ Բադասյանն էլ ասաց, որ ստուգման փաստը հանձնարարագրի բացում է ենթադրում և որոշակի ժամկետի ֆիքսում, որ այդ ժամկետում գնումը կկատարվի, ուստի այս առումով կարող է խնդրահարույց լինել քաղաքացու կողմից տեսաձայնագրումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Ես խնդիրն առաջադրում եմ, դուք պետք է լուծումները գտնեք: Գնացեք, գտեք լուծումներ: Մարդը պետք է հնարավորություն ունենա խախտումը ֆիքսել, սոցիալական ցանցի իր էջում դնել և վարչական վարույթ իրականացնող մարմինը պետք է պարտավոր լինի գնալ ու տուգանել: Մենք այսօր ասում ենք՝ չի կարելի ծխախոտի մնացորդը նետել, աղբը նետել մեքենայից, այս անել, այն անել, բայց այն քաղաքացին, որի աչքի առաջ դա տեղի է ունենում, ինքը գործելու լծակ, ըստ էության, չունի: Ասենք տեսա, որ մեկն իր մեքենայից աղբը շպրտեց, ի՞նչ անեմ, զանգեմ ոստիկանություն, հետո ինձ կանչեն քննության, հետո հարցաքննության և այլն, հետո չկարողանամ ապացուցել, վերջում դառնա ուրիշ պատմություն»:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ ասաց, որ այդ խնդիրը լուծելու համար պետք է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, և իրենք դա կանեն:

Share