Բաժին. Ֆինանսական

2020-ին ՎԶԵԲ-ը նախատեսում է Հայաստանում կատարել մոտ 100 մլն եվրոյի ներդրում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 2019-ին կատարել է Հայաստանում իր գործունեության ընթացքում երկրորդ խոշոր չափի ներդրումը` 118 մլն եվրո: Ներդրումների մեծ մասը կատարվել է մասնավոր հատվածում: Հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց  ՎԶԵԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:

«Արդեն մոտ 30 տարի հաջողված գործունեություն ենք իրականացնում Հայաստանում, այդ ընթացքում մոտ 280 գործառնություն ենք ծավալել Հայաստանում: Հայաստանում դարձել ենք խոշորագույն ներդրող, ընդհանուր ներդրումները կազմում են 1.4 մլրդ եվրո: Հայաստանում մեր ընդհանուր պորտֆելը 365 մլն եվրո է: Հուսով եմ և վստահ եմ, որ մեր պորտֆելը կաճի: 2019-ը եղել է ամենահաջողակ տարիներից մեկը բիզնեսի ծավալի առումով, սա երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է. մոտ 120 մլն եվրոյի չափով ներդրում է արվել»,-ասաց Գվինդաձեն ու նշեց, որ 2015-ին ունեցել են մոտ 138 մլն եվրոյի ներդրում, 2019-ի մոտ 120 մլն ներդրումը երկրորդ տեղում է:

 Նա նշեց`  մնացած ֆինանսական ներդրումային կառույցներից  իրենց տարբերությունն այն է, որ իրենց ներդրումների մեծ մասը` գրեթե 90 տոկոսը մասնավոր հատվածում է: ՎԶԵԲ-ն  աջակցում է փոքր ու միջին ձեռնարկություններին, բանկային ոլորտին, տնտեսության ռեալ հատվածին, հիմնականում ներգրավում է ներդրումներ մասնավոր հատվածում` նաև ուղղակի արտասահմանյան ներդրումների տեսքով:

«Հայաստանում մեր գործունեության 48 տոկոսը կապված է ֆինանսական հաստատությունների հետ, այսինքն` արվում է ֆինանսական հաստատությունների միջոցով: 34 տոկոսը կայուն ենթակառուցվածքներն են, որում ներառված է տրանսպորտի ենթակառուցվածքը, քաղաքային, համայնքային, նաև էներգետիկայի, բնապահպանության ոլորտը: Եվ 18 տոկոսը արդյունաբերության, առևտրի և ագրոբիզնեսի ոլորտում է: Այստեղ ներառված են տարբեր հատվածներ` անշարժ գույքի և տուրիզմի, տեղեկատվության, հաղորդակցության, ագրոբիզնեսի ոլորտը և այլն»,-ասաց նա:

Նոյեմբերի վերջին ՎԶԵԲ-ի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի համար նոր ռազմավարության փաստաթուղթը, որում ուրվագծված է 5 տարիների ընթացքում Հայաստանի հետ համագործակցությունը: Ֆինանսների և էներգետիկայի ոլորտներին իր ավանդական հատուկ ուշադրությունը տրամադրելուց բացի, բանկը կշարունակի ակտիվորեն ուսումնասիրել հնարավորությունները տրանսպորտի և քաղաքային ենթակառուցվածքների, արտադրության և ծառայությունների, առևտրի և գյուղատնտեսության, անշարժ գույքի և զբոսաշրջության, ՏՏ ոլորտներում: Գվինդաձեի կարծիքով` դա շատ հավակնոտ ռազմավարություն է:

Էներգետիկայի ոլորտում բանկը շարունակել է աջակցել Հայաստանի էլեկտրական ցանցերին` իրականացնելու բաշխիչ ցանցի արդիականացման երկարաժամկետ ներդումային ծրագիրը: Բանկը շարունակելու է աշխատանքը նաև խթանելու արևային էներգիայի օգտագործումը և պատասխանատու հանքարդյունաբերությունը: Վենչուրային կապիտալի ներդրումային ծրագրերի միջոցով բանկը ներդրումներ է կատարել նաև «ՓիքսԱրթ»-ում:

Բանկը Հայաստանում համագործակցում է 9 ֆինանսական կազմակերպությունների հետ, դրանց միջոցով կարողանում են ուղղորդել և տրամադրել այնպիսի վարկեր ու դրամաշնորհներ, որոնք հետագայում տրամադրվում են փոքր ու միջին ձեռնարկություններին, բիզնեսում կանանց ֆինանսավորելու նպատակներին: «Ներդրումները մեզ համար գլխավոր նպատակներից մեկն են: Մենք համագործակցում ենք տեղական ներդրողների հետ, նաև փորձում ենք ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումներ, աջակցում ենք ներդրողներին, երբ իրենց հետաքրքրությունն են հայտնում Հայաստանում ներդրում կատարելու համար»,-ասաց նա:

Գվինդաձեն իրենց գործունեության կարևորագույն հենասյուներից համարեց էներգետիկայի ոլորտը: Նրա կարծիքով` էներգետիկ ծրագրերի ծավալը կավելանա,  հիմա քննարկում են հնարավոր ծրագրեր այդ ոլորտում: Շուտով Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ ստորագրելու են արևային էներգիայի արտադրության գործարանի ծրագիր: «Դա նմանատիպ առաջին ծրագիրն է կովկասյան տարածաշրջանում: Մասրիկը 55 մեգավատ է, բայց մենք ուսումնասիրում ենք այդ հնարավորությունը, որ տրամադրենք միջազգային գործարքների իրականացման վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ` արևային էներգիայի արտադրման ոլորտում»,-ասաց Գվինդաձեն ու հավելեց` ուսումնասիրում են, թե վերականգնվող էներգետիկայի ոլորտում ինչ հնարավորություններ կան Հայաստանում:

2020-ին բանկը նախատեսում է Հայաստանում կատարել մոտ 100 մլն եվրոյի ներդրում` հիմնականում մասնավոր հատվածում: Սա Գվինդաձեի խոսքով` դա թիրախային թիվն է, այն կարող է ավելի շատ լինել:

Share