Բաժին. Ֆինանսական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ փոխնախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Պիեր Հեյլբրոննի ղեկավարած պատվիրակությանը:

Մինչ այդ փոխվարչապետը ֆինանսների նախարարությունում մասնակցել է ՎԶԵԲ-ի հետ «Մեղրիի սահմանային անցակետի ծրագրի» համաձայնագրերի ստորագրման արարողությանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը գոհունակություն է հայտնել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի համագործակցության մակարդակի վերաբերյալ և կարևորել մասնավոր հատվածում ՎԶԵԲ ակտիվությունը, ինչը սերմանում է Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթ: Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ չկա կարևոր որևէ մի ոլորտ, որտեղ ՎԶԵԲ-ի հետ համագործակցություն չի ծավալվել: Փոխվարչապետը որպես առաջնահերթություն առանձնացրել է ՎԶԵԲ ծրագրերի կարևորությունը հետևյալ ուղղություններով՝ կապիտալի շուկայի զարգացում, էներգախնայողության և այլընտրանքային էներգիայի զարգացում և ՓՄՁ ոլորտի զարգացում:

ՎԶԵԲ փոխնախագահ Պիեր Հեյլբրոննը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ստեղծված կառուցողական համագործակցության համար և ուրախությամբ նշել, որ 2021 թվականին ՎԶԵԲ կառավարիչները խորհրդի նիստը անցկացվելու է հենց Երևանում և նշել, որ ակնկալում է կառավարության աջակցությունը բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ միջոցառման բարձր մակարդակի կազմակերպման հարցում: Պիեր Հեյլբրոննը նշել է համատեղ իրականացվելիք ծրագրերի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ քայլերը և հույս հայտնել, որ մասնավորապես ենթակառուցվածքների զարգացման ոլորտում նախանշված ծրագրերը կնպաստեն Կառավարության բարեփոխումների իրականացմանը:

Share