Բաժին. Ֆինանսական

Ազգային Ժողովում քննարկվել են աուդիտորական գործունեությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովում էին գտնվում պետական եւ մասնավոր   կառույցներում աուդիտորական գործունեությամբ զբաղվող մասնագիտական հանրույթի ներկայացուցիչներ, Կառավարության ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ  Մանե Թանդիլյանը տեղեկացրել է, որ հրավիրված  աշխատանքային քննարկումը կազմակերպվել է՝ հաշվի առնելով ներքին աուդիտի ոլորտում ստեղծված իրավիճակն ու զարգացումները:

Հանդիպմանը քննարկվել են հարցեր, որոնք առնչվում էին ՀՀ Կառավարության աշխատակազմի կողմից հանրային  հատվածի գերատեսչություններին նախորդ տարվա  հոկտեմբերին տրված հանձնարարականին, համաձայն որի նրանք պետք է որոշումներ կայացնեին ներքին աուդիտի գործառույթն արտապատվիրակելու  վերաբերյալ:

Մանե Թանդիլյանի դիտարկմամբ՝ խնդիրն այն է, որ ներքին աուդիտի գործառույթի արտապատվիրակումից հետո  այդ կառույցների ստորաբաժանումները կամ վարչությունները պետք է լուծարվեն: Հանձնաժողովի նախագահը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին առաջարկել է պարզաբանել, թե ինչու է նման որոշում կայացվել, որոնք են եղել պատճառները եւ որքանով է այն նպատակահարմար:

Այս համատեքստում Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ ներքին աուդիտի համակարգի ներդրման  մեկնարկը տրվել է 2011 թվականին՝ համապատասխան օրենքի ընդունմամբ, որի դրույթները թույլ են տալիս ՀՀ գերատեսչություններում ներքին աուդիտի գործառույթն իրականացնել  եւ ներքին  աուդիտի ստորաբաժանումների, եւ  արտապատվիրակման միջոցով:   Նա ներքին աուդիտի  արտապատվիրակումն արդյունավետ է համարել՝ նկատի ունենալով այդ կառույցներում աշխատող աուդիտորների բարձր որակավորումը:

Ատոմ Ջանջուղազյանը  ներկայացրել է մինչ 2018 թվականն առկա վիճակագրությունը՝ նշելով, որ  ներքին աուդիտի  բաժիններում  աշխատել են 348 աուդիտորներ, որոնցից 271-ը եղել են պետական մարմիններում, իսկ մնացածը՝ համայնքներում:  Մասնավորապես՝ 2015-17 թվականներին իրականացվել  է 1927 ներքին աուդիտ, որից 1794-ը եղել է պետական բյուջեի մասով, մնացած 133-ը խորհրդատվություն է եղել:

Հաջորդիվ ներկայացնելով վիճակագրական տվյալները՝ Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ ընդհանուր առմամբ ներքին աուդիտի իրականացման համար  յուրաքանչյուր տարի հատկացվել է 1,4 մլրդ դրամ, մեկ միավոր առաջադրանքի իրականացման համար ծախսվել է միջինը 726 հազար դրամ:

2015-2017 թվականներին իրականացված ներքին աուդիտի մասով իրավապահ մարմիններին են ներկայացվել համապատասխանաբար 3,7,13 նյութեր, մնացածը համարվել են ինքնուրույն կարգավորված:

Ըստ նախարարի՝ օրենքով նախատեսված հնարավորությունն օգտագործելով՝ որոշվել է ընթանալ այլընտրանքային  ճանապարհով, այսինքն,  ներքին աուդիտի ստորաբաժանում ունենալ ոչ թե տվյալ պետական կառույցում, այլ ներքին աուդիտ իրականացնել՝  արտապատվիրակելով դա արհեստավարժ կազմակերպություններին: Գործընթացի արդյունքում այսօր արդեն լուծարված են պետական մարմինների ներքին աուդիտի 27 ստորաբաժանումներ, մնացած կառույցների մասով դեռեւս  ընթանում են քննարկումներ:

Ֆինանսների նախարարի դիտարկումներն ու նաեւ ներքին աուդիտի  ստորաբաժանումների լուծարումն անընդունելի էին համարում բազմաթիվ  աուդիտորներ, որոնք պնդում  էին, որ  արտապատվիրակման գործընթացը  հապճեպ է կատարվել,  խնդիրներն էլ  խորությամբ չեն քննարկվել: Այս ամենից բացի, նշում էին պետական համակարգի  աուդիտորները, իրենք  կանգնած են գործազուրկ դառնալու վտանգի առաջ, ինչին համամիտ չէր Ատոմ Ջանջուղազյանը՝ պնդելով, թե լավ աուդիտորն անգործ մնալ չի կարող:

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկման մասնակիցները ներկայացրել են մի շարք առաջարկներ՝ ուղղված հարցի հետագա կարգավորմանը:    Նշվել է, որ խնդրի լուծման նման տարբերակ կիրարկվել է Ղազախստանում, սակայն այն ձախողվել է, այլ երկրներում պարզապես չի կիրառվել նման բան:

Ամփոփիչ խոսքում Ատոմ Ջանջուղազյանն ընդգծել է, որ արտապատվիրակման  հարցը քննարկվել է սահմանված ընթացակարգով եւ ընդունվել է համապատասխան որոշում: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները՝ չդադարեցնելով սկսված աշխատանքները, ինչպես առաջարկում էին հանդիպման մասնակիցները:

Հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը եւս պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս կազմակերպել հանդիպումներ, քանի որ, ըստ նրա, ակնհայտ է, որ կան բազմաթիվ խնդիրներ: Հանձնաժողովի նախագահն առաջարկել է հնչեցված առաջարկները ներկայացնել գրավոր:

Share