Բաժին. Ֆինանսական

Ստորագրվել է Գյումրու ճանապարհներն ու փողոցների լուսավորությունը արդիականացնելու մասին դրամաշնորհային համաձայնագիրը

ՀՀ ֆինանսների նախարարությունը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Գյումրիի քաղաքապետարանը այսօր Ֆինանսների նախարարությունում ստորագրել են դրամաշնորհ ներգրավելու մասին համաձայնագիր:

Ստորագրված համաձայնագրով ՎԶԵԲ-ը E5P հիմնադրամի միջոցներից 2 մլն եվրո գումարի դրամաշնորհ է հատկացնելու Գյումրի քաղաքի ճանապարհների, ինչպես նաև փողոցների լուսավորության արդիականացման համար:

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և E5P տարածաշրջանային հիմնադրամում գլխավոր կառավարիչ Էվա Մանիկը:

Դրամաշնորհի միջոցներով կտեղադրվի էներգախնայող նոր LED (լուսադիոդային) լուսավորություն, կառավարման և մոնիտորինգի համակարգ, կփոխարինվեն և կնորոգվեն սյուները, ինչպես նաև հոսանքի մալուխները: Կատարվելիք աշխատանքների արդյունքում կկրճատվի էներգիայի սպառումը, և նվազագույնի կհասցվեն շահագործման և տեխսպասարկման ծախսերը:

Նոր LED լուսավորությունը զգալիորեն կնվազեցնի էներգիայի սպառման արժեքը, ինչի արդյունքում քաղաքապետարանը կտնտեսի էլեկտրանէներգիայի տարեկան ծախսը:

———–

E5P հիմնադրամը Եվրոպական միության արևելյան գործընկերության երկրներում էներգախնայողությանն ու շրջակա միջավայրին ուղղված համայնքային ծրագրերի ֆինանսավորմանն ուղղված բազմադոնոր հիմնադրամ է, որի տնօրինվող միջոցները գերազանցում են 220 միլիոն եվրոն և շահառու երկրները ևս իրենց մասնակցությունն են ունենում հիմնադրամի միջոցների ձևավորման գործում:

Share