Բաժին. Ֆինանսական

Նիկոլ Փաշինյան․ ՀՀ բանկերը կվերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցողների վարկային պայմանները

ՀՀ Կենտրոնական բանկը նամակով դիմել է առևտրային բանկերին, որպեսզի վերջինները վերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկային պայմանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շուրջ մեկ շաբաթ առաջ Կենտրոնական բանկը համապատասխան նամակով դիմել է առևտրային բանկերին, որպեսզի վերջիններս վերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկերի պայմանները: Խոսքը վերաբերում է հատկապես զբոսաշրջության և ծառայությունների մատուցման ոլորտում գործող հաճախորդներին, որոնց վրա կորոնավիրուսի պատճառով հաճախորդների նվազման քանակի հետևանքները կարող են բացասական լինել: Բոլոր հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում, որպեսզի նրանք չկանգնեն վարկերի մարման խնդիրների առաջ: Բանկերը անհատական մոտեցմամբ կերկարացնեն վարկերի ժամկետները, կվերանայվեն մարման գրաֆիկները, կփոխվեն տոկոսադրույքները»,- ասաց Փաշինյանը:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 147 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 18 է, վարակված անձանցից մեկի թեստը բացասական է եղել, մեկուսացված է շուրջ 200 անձ:

Share