Բաժին. Ֆինանսական

Հայաստանում էլեկտրոնային առևտրի շրջանառությունը գրեթե եռապատկվել է

Հայաստանում արտակարգ դրության պայմաններում, երբ գործում են ազատ տեղաշարժի սահմանափակումներ, էլեկտրոնային առևտրի շրջանառությունը գրեթե եռապատկվել է:

Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով տարբեր հարթակներից ստացված տվյալները:

«Էլեկտրոնային առևտրի տարբեր հարթակների տվյալներ ենք ստանում: Գրեթե եռապատկվել է ամբողջ շրջանառությունը: Սա խոսում է այն մասին, որ մեկուսացման մեջ մեր օնլայն հարթակներ և օնլայն տեխնոլոգիաներ կիրառող առևտրականները կարողանում են կազմակերպել իրենց առևտուրը: Օնլայն դրամական միջոցների շրջանառությունը տարբեր հարթակներում տարբեր գնահատականներով բազմապատկվել է»,-ասաց նախարարը:

Արշակյանի կարծիքով, սա դրական տեղաշարժ է: Նա կարծում է, որ սա խթան է բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ անկանխիկ, օնլայն առևտրի զարգացման համար: Անկանխիկ առևտրի զարգացման մասին կառավարությունը դեռ ավելի վաղ է խոսել:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share