Բաժին. Ֆինանսական

Մարտին Գալստյանը խորհուրդ է տալիս օգտվել բանկերի օնլայն ծառայություններից

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը քաղաքացիներին հորդորում է կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության օրերին օգտվել բանկերի օնլայն ծառայություններից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գալստյանն այս մասին ասաց ԱԺ ապրիլի 16-ի նիստում իր թեկնածության մասին հարցի քննարկմանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանի հարցին:

«Քաղաքացիներին խորհուրդ կտամ, որ, եթե ծայրահեղ անհրաժեշտություն չկա բանկ հաճախելու, օգտվեն օնլայն տարբերակներից ու հնարավորինս անշփում գործողություններ իրականացնեն։ Սա թույլ կտա սահմանափակել շփումն ու սանձել վարակի տարածումը։ Բայց, եթե նույնիսկ հաճախում են բանկեր, ապա իրենց հռու պահեն կուտակումներից»,- ասաց Գալստյանը։

Մարտին Գալստյանը հավելեց, որ խստագույնս պետք է հետևել պարետի որոշումներին ու ցուցումներին։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունն առաջարկել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Նորայր Շողիկյան

Share