Բաժին. Ֆինանսական

Մարտին Գալստյանը մասամբ կիսում է թեզը, թե դատապարտված ենք միշտ ունենալ ցածր գնաճ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը մասամբ կիսում է այն թեզը, թե աշխարհը այլևս նույնը չի լինելու և դապարտված ենք միշտ ունենալ ցածր գնաճ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ապրիլի 16-ի նիստում իր թեկնածության մասին հարցի քննարկմանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին:

Արտակ Մանուկյանը նկատեց, որ աշխարհը բաժանվել է տնտեսագետների երկու խմբի, մի հատվածն ասում է, որ կորոնավիրուսից հետո լինելու է ցածր գնաճային միջավայր, մյուսն ասում է, որ լինելու է դեֆլյացիա: Նա հետաքրքրվեց, թե ո՞րն է Գալստյանի տեսակետը այս հարցում:

Թեկնածուն հիշատակեց Լարի Սամերսի թեզը, որ աշխարհն այլևս նույնը չի լինելու, այսուհետև մենք դատապարտված ենք լինելու միշտ ունենալ ցածր գնաճ, որովհետև տեղի են ունենում կառուցածքային փոփոխություններ: «Ես մասամաբ կիսում եմ այս թեզը»,-ասաց նա:

Մանուկյանը նկատեց, որ տարիներ շարունակ խոսվում է ոսկու պաշարների, դրանց համալրման մասին: «Ոսկու պաշարները ինչպես զրո էին, այնպես էլ զրո են մնում»,-ասաց նա ու նշեց, որ ակնկալում են, որ հնչեցրած ուղերձները կյանքի կկոչեն:

«Ոսկին պետք է դիտարկել պորտֆելի կառավարման տեսանկյունից որպես ֆինանսական ակտիվ: Ոսկին ակտիվ է, որը ունենում է գնային մեծ տատանողականություն, բայց 0 եկամտաբերություն: Այսինքն՝ ոսկով դրած դեպոզիտը երբեք տոկոս չի բերում: Համոված եմ, որ նրանք, որոնք պահուստները կառավարում են, ունեն մասնագիտական փորձ՝ որոշելու ակտիվների բաղադրությունը, որը պահուստների կազմում պետք է լինի»,-ասաց Գալստյանը:

Աննա Գրիգորյան

Share