Բաժին. Ֆինանսական

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1248-ի

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1248-ի, բուժվածների թիվը՝ 523-ի։ Ապրիլի 18-ի, ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 47 նոր դեպք:  Գրանցվել է մահվան 20 (ավելացել է ևս մեկը) դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 11 հազար 796 թեստ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 705 պացիենտ:

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ ապրիլի 17-ին մահացած 75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։

«Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով»,-հայտնել է խոսնակը:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Աննա Գրիգորյան

Share