Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ նախագահը՝ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին. Դավիթ Անանյանի ասուլիսը

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակներում ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին է խոսել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Հիշեցնենք, որ երեկ օրենսդիրն ընդունեց պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ կառավարության հետ համատեղ ներկայացրած օրինագիծը, որը նախատեսում էր  հարկային պարտավորությունների  ուշացած օրերի համար սահմանված տույժի իջեցում:

ՊԵԿ նախագահը նկատում է՝ այսպիսով, ըստ էության, տույժի գումարը կիսով չափ նվազեց, իսկ գույքի արգելանքի կիրառման պարագայում 500 հազար դրամի շեմը բարձրացվեց 3 անգամ՝ սահմանվելով 1,5 մլն դրամ:

Անանյանը փոփոխությունների մեկնաբանումը կսում է՝ մեջբերելով հարկային օրենսգրքի դրույթները: Ըստ այդմ՝ չկատարված հարկային պարտավորությունների օրենքով նախատեսված շեմը՝ 200 հազար դրամի սահմանը հատելու դեպքում հարուցվում է չվճարված հարկային պարտավորությունների վարչական վարույթ: Մեկ այլ օրենքով էլ՝ գույքի արգելանքի շեմը 500 հազար դրամ է սահմանված:

«Եթե հարկ վճարողն ունի 200 հազար դրամը չգերազանցող չկատարած հարկային պարտավորություն, ապա տվյալ պարտավորության նկատմամբ չի հարուցվում չկատարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ: Եվ եթե պարտավորությունը չի գերազանցում 500 հազար դրամը, ապա գույքի արգելանքի գործառույթներ չեն իրականացվում: Հիմա 1,5 մլն դրամ սահմանելով՝ ՊԵԿ-ը վստահեցնում է, որ մինչև 1,5 մլն դրամ չկատարած հարկային պարտավորության պարագայում չեն հարուցվելու չկատարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթներ, ինչպես նաև գույքի արգելանքի կիրառման գործառույթներ չեն իրականացվելու», – մեկնաբանում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Share